Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոն համաձայնություն է տվել
Մշակույթի տան վերականգնման ծրագրի շրջանակում մրցույթում հաղթած
«Բիլդքինգ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելուն։
Հարցը քննարկվել է սակրեբուլոյի արտահերթ նիստում։
Նիստը վարել է սակրեբուլոյի նախագահի տեղակալ Վասիլ Խախուլաշվիլին։
Նրա խոսքով՝ հարցի քննարկումն անհրաժեշտ էր, քանի որ պետական
գնումների պայմանագրի ընդհանուր արժեքը գերազանցում է Մառնեուլիի
մունիցիպալիտետի տեղական բյուջեի վճարումների 5 տոկոսը, իսկ նման
դեպքերում
անհրաժեշտ է սակրեբուլոյի համաձայնությունը։
«
Հարցի նախաձեռնողը Մառնեուլիի քաղաքապետարանն էր։ Խոսքը
վերաբերում է Մշակույթի տան վերականգնմանը։ Կենտրոնի վերականգնումն
իրականացվում է կենտրոնական իշխանության հետ համաֆինանսավորմամբ և
գերազանցում է Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեի վճարումների 5
տոկոսը, ինչի համար անհրաժեշտ էր սակրեբուլոյի համաձայնությունը։ Այս
նախագիծը շատ կարևոր է, քանի որ Մշակույթի տունն այսօր այլևս չի
համապատասխանում առկա պահանջներին և մարտահրավերներին», —
նշել է Վասիլ Խախուլաշվիլին։
Պատգամավորները տվյալ հարցի վերաբերյալ դրական որոշում են
ընդունել։
Մառնեուլիի տեղական ինքնակառավարման մարմինը Մշակույթի տան
վերականգնման աշխատանքների համար հայտարարել է 7 585 206 լարի
արժողությամբ մրցույթ։
Գումարի 95%-ը կհատկացվի պետբյուջեից, իսկ 5%-ը՝ տեղական
ինքնակառավարման բյուջեից։
Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն։ «Բիլդքինգ» ՍՊԸ-ն
աշխատանքների իրականացումն առաջարկել է 7 585 206 լարիով, իսկ «Սանի
2020» ՍՊԸ-ն պատրաստ էր դրանք կատարել 6 887 888 լարիով, սակայն
տեխնիկական փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով որակազրկվել
է։
Նախագծով նախատեսված աշխատանքները
Մշակույթի կենտրոնի վերականգնման նախագծի համաձայն՝
- Շենքի ճակատային հատվածի հիմնական մասը
կսվաղվի,
- Կկատարվի «Մյունխեն» տեսակի դեկորատիվ մշակմամբ
երեսպատում,
- Կներկվի արտաքին օգտագործման ջրաէմուլսիոն սիլիկատային
ներկով,
- Կկառուցվեն նկուղ տանող աստիճաններ՝ մետաղական
բազրիքներով,
- Հյուսիս-արևմտյան կողմում գտնվող առկա աստիճանների վրա
կտեղադրվեն մոզաիկե աստիճանաքարեր,
- Բազրիքները կպատրաստվեն մետաղական քառակուսի խողովակներից
և ալյուկոբոնդից,
- Նախատեսվում է այդ աստիճանների հարթակից անցում կառուցել
դեպի ձախ կողմում կցակառույց հատվածը,
- Անցումային պատշգամբը կկառուցվի մետաղական
կոնստրուկցիայով և կերեսպատվի մետաղական թիթեղներով։