Մառնեուլիում ապօրինի փողոցային առևտրի համար երկու անձ տուգանվել է, մյուս վաճառողները՝ նախազգուշացվել

Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Վերահսկողության ծառայությունը ապօրինի փողոցային առևտրի և ենթակառուցվածքների ինքնակամ տեղադրման փաստերի համար երկու անձի տուգանել է։

Բացի այդ, շուկայի հարակից տարածքում առևտուր իրականացնողներին կրկին պարտավորեցրել են լքել տարածքը և նախազգուշացրել են, որ խախտումները չկրկնեն։

Ինչպես «Ռադիո Մառնեուլիին» հայտնել են տեղական ինքնակառավարման մարմնի հասարակայնության հետ կապերի բաժնից, տուգանքները նշանակվել են Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 150¹ հոդվածի
3-րդ մասի հիման վրա, որը վերաբերում է թեթև կառուցվածքների ինքնակամ տեղադրմանը։

Քաղաքապետարանը չի նշել տուգանքի ճշգրիտ չափը, սակայն օրենսգրքի տվյալ հոդվածի համաձայն՝ օդափոխության համակարգի, բանկոմատի, լվացքի չորանոցի, ճաղավանդակի, կրպակի, վաճառասեղանի կամ այլ թեթև կառուցվածքի ինքնակամ տեղադրման կամ կառուցման համար նախատեսված են հետևյալ տուգանքները.

Ֆիզիկական անձի համար՝ 500 լարի։
Իրավաբանական անձի, հիմնարկի կամ կազմակերպության համար՝ 1 000 լարի։

Տեղական ինքնակառավարման մարմինները տարիներ շարունակ փորձում են արգելել փողոցային առևտուրը, սակայն արդյունքը սովորաբար ժամանակավոր է, և ինքնազբաղված վաճառողները որոշ ժամանակ անց կրկին վերադառնում են նույն տարածք։

Ինքնաշեն վաճառասեղաններում հիմնականում վաճառվում են պանիր, կաթնաշոռ, մածուն և այլ կաթնամթերք, որոնք հաճախ վաճառվում են առանց անհրաժեշտ ջերմաստիճանային պայմանների պահպանման։ Չնայած դրան՝ այդ կետերը բազմաթիվ գնորդներ ունեն։

Փողոցային առևտուրը նաև խոչընդոտում է ավտոմեքենաների և հետիոտների ազատ տեղաշարժը, իսկ սննդամթերքը հաճախ վաճառվում է հակասանիտարական պայմաններում։

 

Print E-mail
FaceBook Twitter Google