Օգոստոսի 3-ին Մառնեուլիում տեղի է ունեցել համայնքի 2026–2037
թվականների զարգացման ռազմավարության և համապատասխան
գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը։
Ռազմավարական փաստաթղթի հիմնական առաջնահերթությունները բնակիչներին
ներկայացրել են Մառնեուլիի քաղաքապետ Դաուր Իսմայիլովը և նրա առաջին
տեղակալ Գիորգի Գոդաբրելիձեն։
Փաստաթղթի ներկայացման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է
դարձվել ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության
զարգացմանը։ Մասնավորապես, հատուկ շեշտադրվել է Իմիր գյուղում գտնվող
«Գադաճրիլի Գորա» հնագիտական
հուշարձանի զբոսաշրջային ներուժի
օգտագործումը։ Քանի որ համայնքի բնակչության մեծ մասն աշխատում է
ագրարային ոլորտում, տեղական իշխանությունների հայտարարությամբ՝
ռազմավարության գլխավոր նպատակներից մեկը գյուղատնտեսությամբ զբաղվող
բնակչության տնտեսական հզորացումն է։

Փաստաթղթի ներկայացումից հետո հանդիպումը շարունակվել է
հարցուպատասխանի ձևաչափով։ Դահլիճից հնչել է վեց հարց, որոնք
հիմնականում վերաբերում էին բնակիչների առօրյա խնդիրներին՝
հասարակական տրանսպորտի անբավարար աշխատանքին կամ բացակայությանը,
ոռոգման ջրանցքների վիճակին և երիտասարդական քաղաքականությանը։
Տեղացիներից մեկը քաղաքապետարանի ներկայացուցիչներին հարցրել է, թե
արդյոք նախատեսվում են կոնկրետ քայլեր հասարակական տրանսպորտի
երթուղիների բարելավման ուղղությամբ, ինչը հատկապես կթեթևացնի
ուսանողների առօրյան։
Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև հաշմանդամություն
ունեցող անձանց համար հարմարեցված միջավայրի ստեղծմանը։ Թբիլիսիի
պետական համալսարանի ուսանողներից մեկը հետաքրքրվել է, նախատեսո՞ւմ է
արդյոք համայնքը սոցիալական նախաձեռնություններ, որոնք կապահովեն
հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժը և համայնքային
ծառայությունների հասանելիությունը։

Ի պատասխան՝ Մառնեուլիի քաղաքապետ Դաուր Իսմայիլովը նշել է
՝
«Ուզում եմ ընդգծել, որ Մառնեուլիի համայնքում իրականացվող
յուրաքանչյուր ենթակառուցվածքային նախագիծ պարտադիր հարմարեցվում է
հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Սա սովորական նորմ է։
Ավելին, երբ քաղաքացիները ներկայացնում են նախագծեր՝ լինի դա
առևտրային օբյեկտ, թե բազմաբնակարան շենք, մեր կողմից պարտադիր պահանջ
է, որ դրանք նույնպես համապատասխանեն հաշմանդամություն ունեցող անձանց
համար հասանելիության չափանիշներին»։
Հանրային քննարկմանը մասնակցել է նաև Քվեմո Քարթլիի շրջանում պետական
լիազոր ներկայացուցիչ Իլիա Ջալաղանիան։ Նա «Ռադիո Մառնեուլիին» տված
հարցազրույցում նշել է, որ թեև համայնքների զարգացման ծրագրերը
հիմնականում ունեն ընդհանուր ուղղություններ, յուրաքանչյուր համայնքի
ռազմավարության մեջ հաշվի են առնվում նաև տեղական
առանձնահատկությունները։
Նրա խոսքով՝ տարածաշրջանը հիմնականում ագրարային է, ուստի
առաջնահերթությունը տրվել է գյուղատնտեսության զարգացմանը։
Միաժամանակ, ռազմավարության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում
զբոսաշրջության զարգացումը, քանի որ տարածաշրջանն ունի զգալի
զբոսաշրջային ներուժ, որը դեռևս ամբողջությամբ չի օգտագործվում։ Նրա
խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում զբոսաշրջային վայրերում
անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
Քննարկմանը ներկա էր նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զաուր
Դարգալին, որը ներկայացված փաստաթուղթը կարևոր ուղենիշ է անվանել
տեղական ինքնակառավարման համար։
Նրա գնահատմամբ՝ ռազմավարությունը մանրամասն ներկայացնում է Մառնեուլի
քաղաքի, ինչպես նաև յուրաքանչյուր գյուղի և զարգացման յուրաքանչյուր
ուղղության փուլային տեսլականը՝ հստակ գործողությունների ծրագրով և
իրականացման քայլերով։ Դարգալին համոզմունք է հայտնել, որ փաստաթուղթը
կդառնա կարևոր ուղեցույց համայնքի հետագա զարգացման համար։
Մինչև վերջնական հաստատումը ռազմավարական փաստաթուղթը կանցնի մի քանի
փուլ։ Առաջին փուլում քաղաքապետարանի աշխատանքային խումբը
կուսումնասիրի հանրային քննարկման ընթացքում ներկայացված
առաջարկություններն ու դիտողությունները, որից հետո անհրաժեշտ
փոփոխությունները կներառվեն փաստաթղթում։ Աշխատանքների ավարտից հետո
2026–2037 թվականների զարգացման ռազմավարությունը վերջնական հաստատման
նպատակով կներկայացվի Մառնեուլիի համայնքային խորհրդին
(Սակրեբուլոյին)։
Ռազմավարության հիմնական առաջնահերթությունները
- Ենթակառուցվածքների զարգացում և համայնքային
ծառայություններ՝ ճանապարհային ենթակառուցվածքների
բարեկարգում, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի
կատարելագործում, արտաքին լուսավորության զարգացում և համայնքային
հասարակական տրանսպորտի կատարելագործում։
- Տնտեսական զարգացում և գյուղատնտեսություն՝
տեղական բիզնեսի աջակցություն, ներդրումների ներգրավում, ագրարային
ոլորտի խթանում և զբոսաշրջային ներուժի արդյունավետ օգտագործում։
- Սոցիալական և առողջապահական ոլորտ՝ սոցիալապես
անապահով բնակչության աջակցության ծրագրերի իրականացում,
առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացում և
հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված միջավայրի
ստեղծում։
- Կրթություն, մշակույթ և սպորտ՝ մանկապարտեզների,
մշակութային և մարզական հաստատությունների վերանորոգում և վերազինում,
ինչպես նաև երիտասարդական նախաձեռնությունների աջակցություն։
- Շրջակա միջավայրի պահպանություն՝ թափոնների
կառավարման բարելավում, կանաչ տարածքների ստեղծում և էկոլոգիական
իրավիճակի մշտադիտարկում։
- Արդյունավետ կառավարում և հանրային
մասնակցություն՝ համայնքային ծառայությունների թվայնացում,
կառավարման թափանցիկության բարձրացում և քաղաքացիների ակտիվ
ներգրավում որոշումների կայացման գործընթացում։