Մառնեուլիի մանկապարտեզներ ձիու միս մատակարարելու գործով ՊԱԾ-ը ձերբակալել է երկու անձի

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, դատարանի որոշման հիման վրա, խոշոր չափերի խարդախության և կեղծման փաստերով ձերբակալել են երկու անձի։



Խոսքը վերաբերում է Մառնեուլիի և Քարելիի մունիցիպալիտետների մանկապարտեզներում տավարի մսի փոխարեն խաբեությամբ ձիու միս մատակարարելու դեպքերին։

Քննությամբ պարզվել է, որ «BGM 1» և «Վրացական մսամթերքի ֆերմա» ընկերությունները հաղթել էին Մառնեուլիի և Քարելիի մունիցիպալիտետների մանկապարտեզների միավորումների
կողմից հայտարարված մրցույթներում։ Պայմանագրերի համաձայն՝ նրանք պարտավոր էին մանկապարտեզներին մատակարարել տավարի միս։

Սակայն, ըստ քննության, նշված ընկերությունների տնօրենները 2026 թվականի մայիսին տավարի մսի փոխարեն խաբեությամբ մանկապարտեզներ են մատակարարել ձիու միս։ Արդյունքում նրանք խարդախությամբ յուրացրել են պետական բյուջեի խոշոր չափերի դրամական միջոցներ։

Գործի քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետի (խոշոր չափերի խարդախություն) և 197-րդ հոդվածի 1-ին մասի (կեղծում) հատկանիշներով։ Նշված հոդվածներով նախատեսվում է 6-ից 9 տարի ժամկետով ազատազրկում։

 

Print E-mail
FaceBook Twitter Google