Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորումը «BGM 1»
ընկերությունից գնել է 195 257 լարի արժողությամբ միս։
Հենց այս գործի շրջանակում Վրաստանի Պետական անվտանգության
ծառայության (ՊԱԾ) հակակոռուպցիոն գործակալությունը ձերբակալել է
երկու անձի՝ մանկապարտեզներ տավարի մսի փոխարեն խաբեությամբ ձիու միս
մատակարարելու և խոշոր չափերի պետական միջոցներ խարդախությամբ
յուրացնելու մեղադրանքով։
«Ռադիո Մառնեուլիի» կողմից պետական գնումների համակարգում
ուսումնասիրված մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Մառնեուլիի
մունիցիպալիտետի մանկապարտեզների
միավորման և «BGM 1» ՍՊԸ-ի միջև
կնքված պայմանագրով նախատեսված էր ձեռք բերել ընդհանուր առմամբ 6 733
կիլոգրամ տավարի միս։
- 1 կգ տավարի մսի գինը՝ 29 լարի
- Ընդհանուր գնված քանակը՝ 6 733 կգ
- Պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 195 257
լարի
Նույն պայմանագրով «BGM 1»-ը Մառնեուլիի մանկապարտեզներին մատակարարել
է նաև հավի միս, որի համար մունիցիպալ բյուջեից վճարվել է ընդհանուր
218 357 լարի։ Ընկերությունը մսի մատակարարումները սկսել էր ընթացիկ
տարվա հունվարից և շարունակել մինչև հուլիսի 31-ը ներառյալ։
Քննությամբ պարզվել է, որ «BGM 1» և «Վրացական մսամթերքի ֆերմա»
ընկերությունները հաղթել էին Մառնեուլիի և Քարելիի մունիցիպալիտետների
մանկապարտեզների միավորումների կողմից հայտարարված մրցույթներում։
Պայմանագրերով նրանք պարտավորվել էին մանկապարտեզներին մատակարարել
տավարի միս։
Սակայն, ըստ քննության, 2026 թվականի մայիսին ընկերությունների
տնօրենները տավարի մսի փոխարեն խաբեությամբ մանկապարտեզներ են
մատակարարել ձիու միս, ինչի արդյունքում խարդախությամբ յուրացրել են
պետական բյուջեի խոշոր չափերի դրամական միջոցներ։
Քրեական գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի
3-րդ մասի «բ» ենթակետի (խոշոր չափերի խարդախություն) և 197-րդ
հոդվածի 1-ին մասի (կեղծում) հատկանիշներով։ Նշված հոդվածներով
նախատեսվում է 6-ից 9 տարի ժամկետով ազատազրկում։
Լուսանկարը՝ «Ռադիո Մառնեուլիի» արխիվից