Աշխատավարձերն ավելանում են, սոցիալական պաշտպանության և ենթակառուցվածքների ծախսերը՝ նվազում. Մառնեուլի 2025թ․ բյուջեի նախագիծ

Մառնեուլիի մունիցիպալիտետի  սակրեբուլոն հրապարակել է 2025 թվականի բյուջեի նախագիծը։

Բյուջեի նախագծով 2025-ին 2024-ի համեմատ ավելացվել է քաղաքապետարանի  և սակրեբուլոյի աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացվող գումարը, իսկ սոցիալական ծրագրերի, կրթության, մաքրության և շրջակա միջավայրի պահպանության և ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված միջոցները կրճատվել են։

2025 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեով նախատեսված է 9,318,800 լարի աշխատակիցների փոխհատուցման համար, ինչը նախորդ տարվա ծախսերի համեմատ
ավելացել է 1,009,900 լարիով։  2024 թվականին 8,308,900 լարի է հատկացվել աշխատողների աշխատավարձերին։

2025 թվականի բյուջեի նախագծով սոցիալական ծրագրերին հատկացվում է 3 միլիոն 200 հազար լարի, ինչը 649 հազար 400 լարիով պակաս է 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարից։
Սոցիալական ծրագրերը ներառում են հիվանդների սոցիալական պաշտպանությունը, որտեղ բյուջեն կրճատվում է 1600 լարիով, և ընտանիքների և երեխաների սոցիալական պաշտպանությունը, որտեղ բյուջեն 2024 թվականի համեմատ կրճատվել է 642800 լարիով։

2025 թվականի բյուջեով կրթությանը հատկացվել է 7 072 000 լարի, իսկ 2024 թվականի բյուջեով հատկացվել է 7 868 400 լարի՝ պետբյուջեից 1 668 900 լարի։ 2025 թվականի բյուջեի նախագծում նշված չէ, թե պետական ​​բյուջեից որքան լարի է հատկացվելու կրթությանը։

Հաջորդ տարվա բյուջեում կրճատվել են նաեւ մաքրման եւ շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսված միջոցները։ 2025 թվականի բյուջեով նախատեսված է 4 615 000 լարի, իսկ 2024 թվականի բյուջեով նախատեսված է եղել 4 995 400 լարի։

2024 թվականի համեմատ 2025 թվականի բյուջեով ենթակառուցվածքների զարգացման համար հատկացված միջոցները նվազել են 19 065 100 լարիով։ 2024 թվականի բյուջեով ենթակառուցվածքների զարգացման համար հատկացվել է 38 006 100 լարի՝ տեղական բյուջեից 23 738 700 լարի, կենտրոնական բյուջեից՝ 14 267 400 լարի։
2025 թվականի բյուջեի նախագծով ենթակառուցվածքների զարգացման համար հատկացվել է 18 941 000 լարի։ 2025 թվականի բյուջեի նախագծում նշված չէ, թե պետական ​​բյուջեից քանի լարի է հատկացվելու ենթակառուցվածքների զարգացմանը։

Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին հրապարակել է բյուջեի նախագիծը հանրային քննարկումների համար։ Քաղաքացիները բյուջեի նախագծին առաջարկներ կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 25-ը։

Ռադիո  Մառնեուլի
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google