Մառնեուլիի և Հուջաբիի եպիսկոպոս Գիորգի Ջամդելիանին չի
պատրաստվում ցուցմունք տալ ոստիկանությանը կամ դատախազությանը։
Այս մասին եպիսկոպոսը հայտարարել է TV Pirveli-ին տված
հարցազրույցում։
«Ես օգտվում եմ Սահմանադրությամբ ինձ տրված իրավունքից։ Այս
փուլում ես դա անհրաժեշտ եմ համարում։ Ես ո՛չ ցուցմունք կտամ, ո՛չ էլ
կհամագործակցեմ դատախազության հետ», - ասել է նա։
«Ռադիո Մառնեուլին» երկրորդ օրն է փորձում կապ հաստատել
եպիսկոպոս Գիորգիի հետ, բայց նա չի պատասխանում մեր զանգերին։
Հունիսի 8-ին եպիսկոպոս Գիորգի Ջամդելիանին պատարագի ժամանակ
հայտարարել է, որ Վրաստանի կառավարության անդամը պլանավորում է սպանել
իրեն։ Եպիսկոպոսի խոսքով՝ պաշտոնյայի հետ աշխատել է միանձնուհի, որին
հանձնարարվել էր թունավորել եպիսկոպոսին։
Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոսը չի նշում բարձրաստիճան պաշտոնյայի
անունը, բայց բացատրում է, որ նա արդեն ենթարկվել է ֆիզիկական
հարձակման, որից հետո փախել է Մառնեուլից՝ իր սեփական թիկնապահի
ուղեկցությամբ։
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Մառնեուլիի և
Հուջաբի եպիսկոպոս, Նորին Գերազանցություն Գիորգի Ջամդելիանիի
հայտարարության հիման վրա։
Դատախազության հայտարարության համաձայն՝ հետաքննությունը սկսվել է
Քրեական օրենսգրքի 18,108-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է
կանխամտածված սպանության նախապատրաստմանը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան