Իլիայի պետական համալսարանում ծրագրի անփոփոխ պահպանման պահանջով ստեղծվել է միջնորդագիր
Իլիայի պետական համալսարան-ի «1+4» ծրագրի գործող և շրջանավարտ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողները մշակել են միջնորդագիր (պետիցիա)։

Պետիցիայի ստեղծման նպատակը կրթական համակարգում կատարված փոփոխությունների նկատմամբ ուշադրություն հրավիրելն է, մասնավորապես՝ 2026-2027 ուսումնական տարվանից Իլիայի պետական համալսարանում ընդունելության քվոտայի 92%-ով կրճատման հարցի վերաբերյալ։

Այս հայտարարության նախաձեռնողներից մեկը Բայրամ Մամեդովն է։ Նա ներկայումս սովորում է վրացերեն լեզվի նախապատրաստական կուրսում։

Նրա
խոսքով՝ այս պահին պետիցիան ստորագրել է 750 մարդ։

«Այս քվոտաները անմիջապես կանդրադառնան 2025-2026 թվականների նախապատրաստական կուրսի ուսանողների վրա։ Ծրագրի ավարտից հետո նրանք չեն կարողանա շարունակել ուսումը իրենց ընտրած համալսարաններում՝ քվոտաների կրճատման պատճառով։ Օրինակ՝ Տեխնիկական համալսարանի նախապատրաստական կուրսի ուսանողները բակալավրիատ անցնելիս չեն կարողանա ընտրել միջազգային հարաբերություններ կամ իրավունք։ Մասնագիտությունների ընտրությունը նեղանում է։ Պետիցիայի ստեղծման գաղափարը պատկանում է Իլիայի պետական համալսարանի նախապատրաստական կուրսի ուսանողներին և այն դրական է ընդունվել։ Այլ պետական համալսարաններում սովորող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողները նույնպես դրական են գնահատել այս քայլը և պետիցիան տարածելով՝ արտահայտել են աջակցություն։ Այս գործընթացում ներգրավված են նաև ծնողները, և վիճակագրական առումով նրանց բաժինը կազմում է ստորագրողների ընդհանուր թվի 9.8%-ը», — նշել է Բայրամ Մամեդովը։

Բայրամը նաև նշել է, որ պետիցիան ստորագրելու վերջնաժամկետը սահմանվել է մարտի 9-ը, որից հետո հայտարարությունը կուղարկվի կրթության նախարարություն։

Հայտարարությունը կազմված է վրացերեն, ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։

Պետիցիայում  մասնավորապես ասվում է ՝ 

«Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների, ծնողների, ուսուցիչների և քաղաքացիական հասարակության անդամների հայտարարություն»

Մենք՝ ներքոստորագրյալ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողներ, ծնողներ, ուսուցիչներ և քաղաքացիական հասարակության անդամներ, հայտարարում ենք, որ բարձրագույն կրթության ընթացիկ բարեփոխումները և «1+4» ծրագրի ապագայի հետ կապված անորոշությունը վտանգում են հազարավոր էթնիկ փոքրամասնությունների ուսանողների կրթության իրավունքը։

Էթնիկ փոքրամասնությունների կրթության իրավունքի խախտումը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, մարդու իրավունքների սկզբունքներին և միջազգային պարտավորություններին։

Հայտնի է, որ 2025-2026 ուսումնական տարում Իլիայի պետական համալսարանում ընդունվել է մոտ 500 էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ։ Այս ուսանողները ներկայումս գտնվում են նախապատրաստական փուլում և հաջորդ տարի պետք է շարունակեն ուսումը բակալավրիատի առաջին կուրսում։ Նրանցից յուրաքանչյուրի ցանկությունն է լինել Իլիայի պետական համալսարանի ուսանող։

Նշվում է նաև, որ 2025-2026 ուսումնական տարում «1+4» ծրագրի շրջանակում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ ընդունվել են նաև այլ համալսարաններ, այդ թվում՝

  • Վրաստանի տեխնիկական համալսարան
  • Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան
  • Սուխումի պետական համալսարան
և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Հետևաբար, նշված բարեփոխումը վերաբերում է ոչ միայն մեկ համալսարանի, այլ ամբողջ երկրի մասշտաբով հազարավոր ուսանողների ապագային։

Այս առնչությամբ առաջանում են կարևոր հարցեր.
• Հաջորդ տարի ո՞ր համալսարաններում կշարունակեն ուսումը այս ուսանողները։
• Ինչպե՞ս կապահովվեն նրանց իրավունքներն ու կրթական հնարավորությունները։
• Ի՞նչ ազդեցություն կունենա «1+4» ծրագրի կրճատումը կամ չեղարկումը այս երիտասարդների ապագայի վրա։

«1+4» ծրագիրը կարևոր է էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների համար բարձրագույն կրթության մատչելիությունը ապահովելու տեսանկյունից։ Ծրագրի կրճատումը կավելացնի սոցիալական անհավասարությունը և լրջորեն կվնասի ինտեգրման գործընթացին։

Մենք պահանջում ենք.
• «1+4» ծրագրի լիարժեք պահպանումը,
• Իլիայի պետական համալսարանի ակադեմիական ինքնավարության և անկախության պաշտպանությունը,
• 2025-2026 ուսումնական տարում ընդունված մոտ 500 էթնիկ փոքրամասնության ուսանողների կրթության իրավունքի ապահովումը,
• ուսանողների և ակադեմիական անձնակազմի ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում,
• կրթական բարեփոխումների իրականացումը բաց, թափանցիկ և հանրային քննարկումների հիման վրա։

Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, կրթության նախարարությանը և համապատասխան մարմիններին հաշվի առնել էթնիկ փոքրամասնությունների ուսանողների շահերը և անհապաղ դադարեցնել նախատեսվող վնասակար փոփոխությունները։
Print E-mail
FaceBook Twitter Google