Բանտարկյալների թվով Վրաստանը Եվրոպայի խորհրդի երկրների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը
Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով բանտարկյալների թվով Վրաստանը հայտնվել է Եվրոպայի խորհրդի կազմած վարկանիշի առաջատար երկրների շարքում և զբաղեցնում է 4-րդ տեղը՝ Թուրքիայից, Ադրբեջանից և Մոլդովայից հետո։


Մայիսի 19-ին Եվրոպայի խորհուրդը հրապարակել է «Եվրոպայում բանտերի և բանտարկյալների վերաբերյալ ուսումնասիրություն 2025»-ը, որը ներկայացնում է իրավիճակը՝ հիմնված 2025 թվականի հունվարի 31-ի տվյալների վրա և ներառում է 2024 թվականի
վիճակագրությունը։

Փաստաթղթում նշվում է, որ անցյալ տարի Եվրոպայի խորհրդի երկրներում բանտարկյալների միջին ցուցանիշը յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով կրկին կազմել է 127, սակայն երկրների և տարածաշրջանների միջև կան զգալի տարբերություններ։

Բանտարկյալների թվով Եվրոպայի խորհրդի երկրներում առաջատարը Արևելյան Եվրոպան է։ Ազատազրկման ամենաբարձր ցուցանիշ ունեցող առաջին քառյակում հայտնվել է նաև Վրաստանը՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով 232 բանտարկյալով՝ Թուրքիայից (458), Ադրբեջանից (271) և Մոլդովայից (245) հետո, ինչը, ըստ զեկույցի, «արտացոլում է ավելի շատ ազատազրկմանն ուղղված պատժամշակույթը»։

Տարիքային կտրվածքով Վրաստանում բանտարկյալների միջին տարիքը 39 է, և այս ցուցանիշով երկիրը վարկանիշում զբաղեցնում է 18-րդ տեղը, որտեղ առաջատարը Պորտուգալիան է (42 տարի)։

Վրաստանը ներառվել է այն երկրների խմբում, որտեղ կին բանտարկյալների տոկոսային քանակը «ցածր» է։

50 տարեկանից բարձր բանտարկյալների տոկոսային քանակով Վրաստանը հայտնվել է «բարձր» ցուցանիշ ունեցող երկրների խմբում։

Բանտի մեկ աշխատակցի հաշվով բանտարկյալների թվով Վրաստանը այն երկրների շարքում է, որոնք ստացել են «շատ բարձր» գնահատական։

Բանտարկյալների ցածր ցուցանիշներ գրանցվել են Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայում։ Մի շարք երկրներ՝ Նորվեգիան (54), Նիդերլանդները (55), Ֆինլանդիան (58), Գերմանիան (69), Դանիան (70) և Շվեյցարիան (77), մշտապես պահպանում են բանտարկյալների ցածր թիվը՝ չնայած իրենց օրենսդրական և քաղաքական մոդելների տարբերություններին։

Զեկույցում նաև նշվում է, որ բանտարկյալների համեմատաբար ցածր թիվը ամբողջական պատկեր չի ներկայացնում, եթե որոշակի ժամանակահատվածում չի ուսումնասիրվում բանտերում մարդկանց հոսքի վիճակագրությունը։

Ընդհանուր առմամբ աճում է տարեց և օտարերկրյա քաղաքացի բանտարկյալների թիվը։

Զեկույցի հեղինակները «Եվրոպական միգրացիոն պարադոքս» են անվանում այն փաստը, որ եվրոպական ինտեգրմանը ուղեկցող տեղաշարժի ազատությունը նպաստում է տնտեսության աճին և մշակութային փոխանակմանը, սակայն միաժամանակ կառուցվածքային մարտահրավերներ է ստեղծում քրեակատարողական համակարգերի համար։ Արևմտյան Եվրոպայի երկրներում, որոնք միաժամանակ հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիների համար և՛ նպատակակետ, և՛ տարանցիկ երկրներ, քրեակատարողական համակարգերը ստիպված են լինում դիմակայել բարձր մոբիլությանը։

Աղբյուր ՝  radiotavisupleba.ge
Print E-mail
FaceBook Twitter Google