2025 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական
անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ
աճել է 9.9 տոկոսով (194.5 լարիով) և կազմել 2 165.2 լարի․ այս մասին
նշված է Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Սաքստատ)
զեկույցում:
2025 թվականին նախորդ տարվա համեմատ աշխատավարձերի աճ է արձանագրվել
գրեթե բոլոր ոլորտներում: Ըստ գործունեության տեսակների՝ ամենաբարձր
աշխատավարձը եղել է հետևյալ ոլորտներում.
• Ֆինանսական և ապահովագրական գործունեություն - 4 123.6 լարի
(նախորդ տարվա համեմատ աճել է 12.1 տոկոսով),
• Տեղեկատվություն և կապ - 4 042.6 լարի (նախորդ տարվա համեմատ աճել է
3.0 տոկոսով),
• Շինարարություն - 3 026.1 լարի (նախորդ տարվա համեմատ աճել է 13.5
տոկոսով):
Միևնույն ժամանակ, «Սաքստատի» տվյալներով, 2025 թվականին կանանց միջին
ամսական աշխատավարձը կազմել է 1 743.4 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2
586.5 լարի: Կանանց աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 151.8
լարիով (9.5%), իսկ տղամարդկանցը՝ 245.9 լարիով (10.5%): Ըստ
գործունեության տեսակների՝ տղամարդկանց միջին ամսական աշխատավարձը
գրեթե բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց միջին ամսական
աշխատավարձը:
2025 թվականին պետական հատվածի աշխատավարձն աճել է 12.8
տոկոսով, իսկ ոչ պետական հատվածում՝ 8.7 տոկոսով՝ կազմելով
համապատասխանաբար 1 895.4 և 2 301.0 լարի: 2025 թվականին վարձու
աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում
405.6 լարիով (17.6%) ցածր է եղել ոչ պետականի համեմատ:
«2025 թվականին վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձը
ձեռնարկատիրական (բիզնես) հատվածում աճել է 173.9 լարիով (8.6%) և
կազմել 2 198.4 լարի: Ըստ գործունեության տեսակների՝ ամենաբարձր
աշխատավարձն արձանագրվել է տեղեկատվության և կապի (4 097.1 լարի,
նախորդ տարվա համեմատ աճել է 2.2 տոկոսով), ինչպես նաև մասնագիտական,
գիտական և տեխնիկական գործունեության (3 340.7 լարի, նախորդ տարվա
համեմատ աճել է 6.1 տոկոսով) ոլորտներում:
2025 թվականին ոչ ձեռնարկատիրական և ֆինանսական հատվածում
միջին ամսական աշխատավարձը անցյալ տարվա համեմատ ավելացել է 233.7
լարիով (12.5%) և կազմում է 2 100.5 լարի: Ըստ գործունեության
տեսակների՝ համեմատաբար բարձր աշխատավարձ ունեն ֆինանսական և
ապահովագրական գործունեության ոլորտում զբաղվածները»,- նշված
է «Սաքստատի» տվյալներում:
Միջին աշխատավարձն ամենաբարձրն է Թբիլիսիում (2 565 լարի) և
Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանում (1 975 լարի), իսկ ամենացածրը՝
Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում (1 138 լարի):