Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ այսօր՝ դեկտեմբերի
16-ին, մայրաքաղաքում կմիացվի ամանորյա լուսավորությունը։
Այս մասին նա հայտարարեց քաղաքապետարանում կայացած ճեպազրույցում։
«
Դեկտեմբերի սկզբին Թբիլիսիում միացնում էինք ամանորյա
լույսերը, վառվում էր նաեւ գլխավոր տոնածառը։ Այս անգամ՝ այսօր
երեկոյան, վառվելու են լուսավորությունները և մայրաքաղաքի գլխավոր
տոնածառը կվառվի առանց որևէ միջոցառման։ Ամանորը բոլորի սիրելի
պետական տոնն է, և ոչ ոքի թույլ չի տրվի խլել ուրախության և
երջանկության զգացումը մեր երեխաներից, համաքաղաքացիներից։ Թբիլիսին
լինելու է Ամանորի ամենագեղեցիկ քաղաքը»,- ասել է Կախա
Կալաձեն։
Խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնողներին նա անվանել է
«ագրեսիվ խմբավորումներ՝ արմատական ընդդիմության
գլխավորությամբ»։
«
Ամեն ինչ անում են, որ տոնական շունչը չբերենք մեր
մայրաքաղաք։
Մայրաքաղաքի կառավարությունը դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին,
նախատեսել էր վառել տոնածառը և միջոցառում անցկացնել։ Այդ օրը, ինչպես
նաև անցած 16 օրերի ընթացքում տեղի ունեցավ հանրահավաք ընդդեմ
«Վրացական երազանքի»։ Ցուցարարները բողոքում են նոյեմբերի 28-ին
Իրակլի Կոբախիձեի հայտարարած որոշման դեմ, ըստ որի «Վրացական
երազանքը» մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի Եվրամիությանն
անդամակցելու բանակցությունների բացման հարցը։
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, բողոքի ակցիայի 19-րդ օրն է։ Այս ընթացքում
ավելի քան 400 ցուցարար է բերման ենթարկվել, այդ թվում՝ ավելի քան
30-ը՝ քրեական օրենսդրությամբ։ Ոստիկանները բռնության են ենթարկել
ցուցարարներին ու լրագրողներին, իսկ ՆԳՆ-ն ասում է, որ վիրավորվել են
նաև իրենց աշխատակիցները։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան