Եթե ​​միջավայրը չփոխվի, ՏԻՄ ընտրությունները պետք է հետաձգվեն. Եվրոխորհրդի Կոնգրես

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոն հայտարարել է, որ առանց քաղաքական միջավայրի էական փոփոխության՝ հոկտեմբերին Վրաստանում նշանակված ՏԻՄ ընտրությունները պետք է հետաձգվեն։



Կոնգրեսի բյուրոյի կարծիքով՝ ներկա պայմաններում ընտրությունների անցկացումը իր մեջ պարունակում է իրավիճակի սրման վտանգ։

Կոնգրեսի բյուրոն կոչ է անում Վրաստանի կառավարությանը լիովին համապատասխանել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին, որոնք ճանապարհ կհարթի ազգային մակարդակով ազատ և արդար վերընտրությունների, տեղական մակարդակում ազատ և արդար ընտրությունների և բոլոր վրացիների, ներառյալ տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ արդար վերաբերմունքի համար:

Կոնգրեսի նախագահի, առաջին և երկրորդ փոխնախագահների և գլխավոր քարտուղարի այցից հետո (փետրվարի 3-4) և նախկին հայտարարությունների հիման վրա Բյուրոյին պարզ է, որ Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն իրենց երկրին պատուհասած ծայրահեղ քաղաքական և սոցիալական բևեռացման համար։ «Նրանք պետք է ապահովեն իրավապահ մարմինների, դատական ​​համակարգի և բոլոր հասարակական հաստատությունների անկախությունը»,- ասվում է Կոնգրեսի բյուրոյի հայտարարության մեջ:

Ինչպես նշում է Կոնգրեսի բյուրոն, քաղաքացիական ծառայողների քաղաքական հողի վրա աշխատանքից ազատելը պետք է դադարեցվի։

Նրանց կարծիքով՝ յուրաքանչյուրին պետք է թույլ տալ օգտվել արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատությունից։

«Խաղաղ բողոքը ժողովրդավարական հասարակությունների անբաժանելի մասն է»։ Ուստի պետք է ազատ արձակվեն նրանք, ովքեր կալանավորված են իշխանության դեմ բողոքի ցույցերին ոչ բռնի մասնակցության համար։

«Նրանց թվում կան ազգային և տեղական քաղաքական գործիչներ և լրագրողներ, ինչպիսիք են Մզիա Ամագլոբելին, ում մասին Կոնգրեսը հատուկ մտահոգություն է հայտնել
»,- ասվում է Կոնգրեսի բյուրոյի հայտարարության մեջ:

Ինչպես նշում է Կոնգրեսի բյուրոն, Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ արտահայտի իր հավատարմությունը ընդդիմության հետ իրական, բաց և կառուցողական երկխոսությանը։

Նրանց կարծիքով՝ վերադարձը ժողովրդավարական նորմերին և չափանիշներին պետք է ընդդիմությանը ապահովի անհրաժեշտ վստահություն՝ իշխանության հետ համագործակցելու և ինստիտուտների բոյկոտը դադարեցնելու համար:

«Իր հերթին, սա պետք է
ճանապարհ հարթի եվրոպական չափանիշների և միջազգային դիտորդների առաջարկությունների վրա հիմնված նոր համապետական ​​ընտրությունների համար, հատկապես 2024 թվականի հոկտեմբերի ընտրություններից հետո, ինչպես նաև կնպաստի առաջընթացին դեպի ազատ և արդար տեղական ընտրություններ»:

Այս առումով Վրաստանի իշխանությունները պետք է համագործակցեն Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Կոնգրեսի կողմից Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների վերաբերյալ կարծիքի շուրջ: Հաջորդ ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա հոկտեմբերին։ Ներկա պայմաններում դրա իրականացումը իրավիճակի սրման վտանգ է ստեղծում։ Ուստի, առանց քաղաքական միջավայրի էական փոփոխության, այս ընտրությունները պետք է հետաձգվեն։

Բյուրոն հավատում է ժողովրդավարական, եվրոպական ապագային, որը կծառայի բոլոր վրացիների շահերին: Երկխոսության վերսկսումը պահանջում է բոլոր քաղաքական դերակատարների մասնակցությունը իշխանության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ իշխող կուսակցության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության:

«Կոնգրեսը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այս նպատակին հասնելու համար
», - ասվում է Կոնգրեսի բյուրոյի հայտարարության մեջ:

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 25-27-ը նախատեսված Կոնգրեսի նստաշրջանում Վրաստանի վերաբերյալ բանավեճեր կանցկացվեն։
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google