Նոր քորոնավիրուսը վերածվում է համաճարակի
Չինաստանում վիրուսաբաններն ասում են, թե նոր
քորոնավիրուսը, որն արդեն ութ տասնյակից ավելի
մարդկանց կյանք է խլել, կարող է մոտ ժամանակներս մարդուց մարդ
անցնելու ունակություն ձեռք բերել: Սա նշանակում է համաշխարհային
համաճարակի սկիզբ, քանի որ արագ տարածվում է նաեւ այլ երկրներում:
Ֆրանսիայում բժշկական անձնակազմեր են բերել Շառլ դե Գոլի անվան
օդանավակայան, քանի որ այս օդակայանն է Ֆրանսիան ուղիղ թռիչքներով
կապում Չինաստանի հետ:
Ինչպես չինացի ակադեմիկոս Լի Լանջուանն է ասում, Չինաստանի Վուհան
քաղաքից դեպի երկրի այլ հատվածներ է տարածվել վիրուսը եւ այտեղ դարձել
այս տիպի հիվանդությունների երկրորդ սերունդը: Դա, ակադեմիկոսի
խոսքերով, շատ վտանգավոր է:
Կա մտավախություն, որ այս վիրուսով վարակված անձանց թիվը շատ ավելի
մեծ է, քան այն գրանցված է պաշտոնապես: Խնդիրն այն է, որ վիրուսն
այլոց վարակում է, մինչեւ տվյալ մարդու մոտ հայտնաբերվելը:
Չինաստանի առողջապահության նախարարության աշխատակից Լի Բինն ասում է,
որ սա հիվանդության մի նոր տեսակ է եւ բժիշկների գիտելիքներն այս
բնագավառում շատ սահմանափակ են: ‘’Հստակ գիտելիքներ չկան հիվանդության
զարգացման մասին եւ համաճարակից խուսափելու ուղիները դեռես հայտնի
չեն’’, ասում է նա:
Չինաստանի կառավարությունը կարանտինի տակ է վերցրել Վուհան քաղաքի ու
նրա շրջակա բնակավայրերում բնակվող 50 միլիոն բնակիչների: Այստեղ
կառավարությունը չափազանց մեծ արագությամբ` վեց օրում կառուցում է
1000 մահճակալ ունեցող մի հիվանդանոց, միայն այս վիրուսը կրող
մարդկանց օգնություն ցուցաբերելու համար:
Միացյալ Նահանգներում քորոնավիրուս է հայտնաբերվել հինգ անձանց մոտ:
Ավելի քան 100 մարդ, որոշ կասկածների պատճառով, ենթարկվում է
ստուգումների:
Հիվանդութան ինկուբացիոն շրջանը կարող է տեւել մինչեւ երկու շաբաթ:
Դրանից հետո էլ որոշ ժամանակ է հարկավոր պարզելու համար, թե տվյալ
հիվանդն ինչ վիրուս է կրում` սովորական գրիպի, թե նոր
քորոնավիրուսի:
https://www.amerikayidzayn.com/