Մառնեուլիի Չանախչի գյուղի բնակիչները ավելի քան 20 օր է առանց ջրի են

20 օր առանց ջրի — Մառնեուլիի Չանախչի գյուղի բնակիչները օգնություն են պահանջում



Մառնեուլիի  մունիցիպալիտետի  Չանախչի գյուղի բնակիչները արդեն ավելի քան 20 օր է մնացել են առանց ջրամատակարարման։ Տեղացիները դժգոհում են տեղեկատվական վակուումից և անուշադրությունից, իսկ տեղական իշխանությունները խնդրի լուծումը խոստանում են փետրվարի 26-ին։

Անանունության պահպանման պայմանով գյուղի բնակիչները պատմում են, որ իրենց վիճակով ոչ ոք չի
հետաքրքրվում։ Մինչ օրս բնակիչները չեն տեղեկացվել, թե կոնկրետ ինչն է պատճառ դարձել համակարգի խափանման և ինչու են վերականգնման աշխատանքները ձգձգվում։

Տեղեկատվության պակասի պատճառով գյուղում տարբեր վարկածներ են շրջանառվում․ ոմանք ենթադրում են, որ խողովակներն են վնասվել, իսկ մյուսների խոսքով՝ վնասված է սահմանին գտնվող պոմպը, որտեղ սահմանապահները թույլ չեն տալիս աշխատողներին մուտք գործել տարածք։

«Գյուղի տղամարդիկ բազմիցս դիմել են ինչպես գյուղի լիազորին, այնպես էլ համապատասխան ծառայությանը՝ «Մառնեուլիի Սոփծղալի» ՍՊԸ-ին, սակայն ապարդյուն։ Ջրամատակարարման ծառայությունը ամեն օր ասում է, որ բրիգադը կգա, բայց ոչ ոք չի երևում», — հեռախոսազրույցում նշել է գյուղի բնակիչներից մեկը։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք կապ հաստատեցինք Չանախչիի գյուղում  քաղաքապետի  ներկայացուցիչ  Գիգոլ Աթաբեգյանի հետ։ Նրա խոսքով՝ համապատասխան բրիգադը փետրվարի 26-ին նախատեսում է այցելել տարածք և վերացնել խնդիրը։

«Վնասված է ջրի պոմպը։ Մինչ Նոր տարի երկու անգամ վերանորոգել ենք, հետո կրկին նորոգեցինք։ Հավանաբար անորակ մալուխ է տեղադրված։ Սակայն այս ջրից բացի, բոլոր թաղամասերում աղբյուր կա։ Գյուղն ու բնակիչները ամբողջությամբ առանց ջրի չեն մնացել», — նշել է ներկայացուցիչը։

«Աղբյուրի ջուրը բավարար չէ կենցաղային կարիքների համար»

Լիազորի այս հայտարարությունից հետո մենք կրկին կապ հաստատեցինք տեղացիների հետ՝ ճշտելու համար, արդյոք հնարավոր է 20 օր շարունակ միայն աղբյուրի ծշ
ջրով բավարարել կենցաղային կարիքները (սննդի պատրաստում, լվացք, հիգիենա)։

«Դա աղբյուր է, և ջուրը պետք է շշերով կամ տարաներով տեղափոխենք։ Ինչքա՞ն ջուր պետք է բերի մարդը, որ լվացք անի, լողանա և մյուս կենցաղային խնդիրները լուծի։ Աղբյուրից բերված ջուրը բավական է միայն խմելու և ճաշ պատրաստելու համար», — նշում են գյուղում։

«Մառնեուլիի Սոփծղալի» ՍՊԸ-ի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում հայտնել է, որ հարցը պարզելու նպատակով փետրվարի 26-ին կայցելեն տարածք։ Մենք կրկին կապ կհաստատենք ընկերության հետ՝ պարզելու, թե որն է բնակիչների 20-օրյա անջրության իրական պատճառը և երբ կվերականգնվի ջրամատակարարումը ամբողջությամբ։

Լուսանկարը՝ «Ռադիո Մառնեուլի»-ի արխիվից։

 

Print E-mail
FaceBook Twitter Google