Օգոստոսի 3-ին Մառնեուլիի մշակույթի տանը կանցկացվի «Մառնեուլիի
մունիցիպալիտետի զարգացման 2026–2037 թվականների
ռազմավարության» և դրան համապատասխան գործողությունների ծրագրի
նախագծերի հանրային քննարկումը։
Ինչպես տեղեկացնում է տեղական ինքնակառավարման մարմինը, հանդիպումը
կազմակերպվում է հասարակության մասնակցությունն ու գործընթացի
թափանցիկությունն ապահովելու նպատակով։
Մունիցիպալիտետը հուլիսի 14-ին պաշտոնական կայքում հրապարակել է
գործողությունների ծրագրի նախագիծը և բնակիչներին կոչ է արել
ներկայացնել իրենց առաջարկությունները։ Սակայն նույն բովանդակությամբ
նյութը՝
կից գործողությունների ծրագրի հետ միասին, մինչ այժմ չի
հրապարակվել համայնքի Facebook-ի էջում։
Հայտարարության մեջ նշվում է ՝
«Հետաքրքրված անձինք և կազմակերպությունները կարող են
ծանոթանալ ռազմավարության, գործողությունների ծրագրի և ցուցանիշների
անձնագրի նախագծերին, իսկ իրենց դիտողություններն ու
առաջարկությունները մինչև օգոստոսի 3-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային
հասցեին՝
CLOAKING
»։
Մառնեուլիի մունիցիպալիտետի զարգացման 2026–2037 թվականների
ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը ներառում է
հետևյալ հիմնական առաջնահերթությունները ՝
- Ենթակառուցվածքների զարգացում և համայնքային
ծառայություններ – ճանապարհային ենթակառուցվածքների բարելավում,
ջրամատակարարման և կոյուղու համակարգերի արդիականացում, արտաքին
լուսավորության և համայնքային տրանսպորտի զարգացում։
- Տնտեսական զարգացում և գյուղատնտեսություն – տեղական
բիզնեսի աջակցություն, ներդրումների ներգրավում, ագրոոլորտի խթանում և
զբոսաշրջային ներուժի զարգացում։
- Սոցիալական և առողջապահական ոլորտ – սոցիալապես անապահով
բնակչության աջակցության ծրագրեր, առողջապահական ծառայությունների
հասանելիության բարձրացում և հաշմանդամություն ունեցող անձանց համար
հարմարեցված միջավայրի ստեղծում։
- Կրթություն, մշակույթ և սպորտ – մանկապարտեզների,
մշակութային և մարզական հաստատությունների վերանորոգում և վերազինում,
երիտասարդական նախաձեռնությունների աջակցություն։
- Շրջակա միջավայրի պաշտպանություն – թափոնների կառավարման
բարելավում, կանաչ տարածքների ստեղծում և էկոլոգիական վիճակի
մշտադիտարկում։
- Արդյունավետ կառավարում և հասարակության մասնակցություն –
համայնքային ծառայությունների թվային փոխակերպում, թափանցիկության
բարձրացում և քաղաքացիների ակտիվ մասնակցություն որոշումների կայացման
գործընթացին։
Տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկացմամբ՝ հանրային
խորհրդակցությունների ընթացքում ստացված կարծիքներն ու
առաջարկությունները կուսումնասիրվեն, և անհրաժեշտության դեպքում դրանք
կներառվեն ռազմավարության և գործողությունների ծրագրի վերջնական
տարբերակներում։