Ով կարող է ներգրավվել գյուղատնտեսական հողերի սուբսիդավորման ծրագրում

Վրաստանի կառավարությունը 0,25-ից 1,25 հա գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի համար սուբսիդավորման ծրագիր է սկսել։

Վրաստանի կառավարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի սուբսիդավորման չափը սահմանվել է 1 հեկտարի համար 300 լարի։ «Ռադիո Մառնեուլի»-ին Գյուղական զարգացման գործակալությունից հայտնել են, որ ֆերմերները սուբսիդիաներ կստանան իրենց հողատարածքներին համաչափ: Օրինակ, եթե գյուղացին ունի 0,25 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ապա որպես սուբսիդիա կստանա 75 լարի, իսկ կես հեկտարի դեպքում՝ 150 լարի։

Մառնեուլի ֆերմեր Օմար Մամեդովը «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է, որ ֆերմերներին առնվազն 1000 լարի է անհրաժեշտ մեկ հեկտար հողի վրա ցանկացած տեսակի բերք աճեցնելու համար: Կարծում է, որ պետական սուբսիդավորումը որոշ չափով կօգնի թունաքիմիկատների ձեռքբերմանը, սակայն ասում է, որ այդ օգնությունը դեռևս անբավարար կլինի գյուղացիների համար։

«Անձամբ ես հիմա  առվույտ-յենջա եմ ցանել։ Առվույտը պետք է դեղել, առնվազն երեք անգամ պետք է, երևի այս գումարով դեղ կգնեմ։ Ընդհանուր առմամբ 300 լարին բավական չէ։ Մեկ հեկտարն արժե 350 լարի։ Իհարկե, այս գումարը մեզ օգնում է, բայց ոչ այնքան», - ասել է Օմար Մամեդովը։

Վրաստանի կառավարության տվյալներով՝ սուբսիդավորման ծրագրից կօգտվի մինչև 300 հազար ֆերմեր՝ 35 մլն լարի բյուջեով։ «Ռադիո Մարնեուլիին» ասել են Գյուղական զարգացման գործակալությունից, որ ֆերմերները կկարողանան կուտակված միավորներ ծախսել Սննդի անվտանգության գործակալության կողմից ճանաչված բիզնես օպերատորների հետ, հիմնականում գյուղտեխնիկա և թունաքիմիկատներ վաճառող խանութներում: Ֆերմերն իրավունք ունի նշված խանութներում ծախսել կուտակված բոլոր միավորները և գնել գյուղտեխնիկա կամ թունաքիմիկատներ։

Ծրագրին մասնակցելու համար ֆերմերներից պահանջվում է գրանցվել Ֆերմերների ռեգիստրում: Նախորդ տարիներին պետական սուբսիդավորում ստացած ֆերմերներն այլևս ստիպված չեն լինի վերագրանցվել Ֆերմերային ռեգիստրում, իսկ նրանք, ովքեր դեռ գրանցված չեն, կարող են զանգահարել Գյուղական զարգացման գործակալության թեժ գծին՝ 1501 հեռախոսահամարով։

Գյուղական զարգացման գործակալությունից հայտնում են, որ գումարը կփոխանցվի գյուղացիների Լիբերթի բանկի հաշվեհամարին։ Գումարը նրանք կկարողանան օգտագործել մոտ ապագայում, իսկ ծրագիրը կտևի մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google