«Լրագրության համար թշնամական միջավայր» — ինչ է ասվում Եվրոպայի խորհրդի մեդիայի ազատության զեկույցում

Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը ներկայացրել է Եվրոպայում մեդիայի ազատության վերաբերյալ տարեկան զեկույցը։



Զեկույցը, որը վերաբերում է 2025 թվականի իրավիճակին, պատրաստել են հարթակի գործընկեր կազմակերպությունները՝ մամուլի ազատությունը պաշտպանող 15 կազմակերպություններ և լրագրողական ասոցիացիաներ, այդ թվում՝ Մամուլի միջազգային ինստիտուտը։

Զեկույցում Վրաստանի վերաբերյալ նշվում է, որ այստեղ «իրավիճակը մտահոգիչ տեմպերով վատթարանում է»։

Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Եվրոպայի

մասշտաբով մեդիայի ազատության համար ստեղծված լուրջ սպառնալիքների վերաբերյալ հրապարակվել է ընդհանուր առմամբ 344 ահազանգ, ինչը 2024 թվականի համեմատությամբ 19 տոկոսով ավելի է։

Ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն էին Ռուսաստանը (50), Թուրքիան (49), Վրաստանը (35), Սերբիան (35) և Ուկրաինան (27)։ Վերջինիս դեպքում ահազանգերը հիմնականում վերաբերում են Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներին կամ վերագրվում են ռուսական ուժերին։

Զեկույցի համաձայն՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վրաստանում, Սերբիայում և Թուրքիայում։ Լրագրողները դարձել են ոստիկանության, քաղաքական դերակատարների և բողոքի ակցիաների մասնակիցների թիրախներ․ նրանց խոչընդոտել են մասնագիտական գործունեության ընթացքում կամ պատժել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար։ Սա վկայում է, որ Վրաստանում բացակայում է անվտանգ միջավայրը և լիազորությունների չարաշահման համար պատասխանատվության մեխանիզմը։ Նշվում է նաև, որ առցանց հետապնդումն ու համակարգված ահաբեկումը հատկապես անհամաչափ կերպով ազդել են կին լրագրողների վրա։

Զեկույցում նշվում է, որ 2025 թվականին լրագրողների նկատմամբ հարձակումները հատկապես հաճախակի են եղել երկու երկրներում՝ Վրաստանում, որտեղ մեդիայի ներկայացուցիչները խիստ ճնշումների են ենթարկվել ավտորիտարիզմի և հակաեվրոպականության մեջ մեղադրվող իշխանության դեմ կազմակերպված զանգվածային բողոքները լուսաբանելու ժամանակ, և Սերբիայում, որտեղ լայնածավալ ցույցեր էին անցկացվում Նովի Սադի երկաթուղային կայարանում շինարարական կառույցի փլուզումից հետո․ քաղաքացիները բողոքում էին պետական անտարբերության և կոռուպցիայի դեմ։

Նշվում է, որ Վրաստանում մեդիայի ազատության դեմ սպառնալիքների վերաբերյալ ահազանգերի թիվը 2024 թվականի համեմատությամբ աճել է 78 տոկոսով։

Փաստաթղթում ասվում է  ՝

«2025 թվականի օգոստոսի 6-ին, ավելի քան 200 օր նախնական կալանքի և բարձր աստիճանի քաղաքականացված դատական գործընթացից հետո, Մզիա Ամաղլոբելիին՝ Վրաստանի երկու ամենահայտնի անկախ մեդիա կազմակերպությունների՝ «Բաթումելեբի»-ի և «Նետգազեթի»-ի հիմնադիրին և տնօրենին, դատապարտեցին երկու տարվա ազատազրկման։ Ձերբակալման օրվանից Ամաղլոբելին և նրա մեդիա կազմակերպությունները դարձել են վարկաբեկման արշավների, արժանապատվությունը խաթարող վերաբերմունքի և տնտեսական հաշվեհարդարի զոհ»։

Կամայական ձերբակալությունները շարունակում են լուրջ խնդիր մնալ։ 2025 թվականի նոյեմբերի 3-ին «Մեդիաչեքեր»-ի լրագրող Նինիա Կակաբաձեն վարչական կարգով ձերբակալվել է «ճանապարհը փակելու» մեղադրանքով՝ այն պահին, երբ լուսաբանում էր բողոքի ակցիան։ Դրանից առաջ՝ հոկտեմբերին, ոստիկանությունը նմանատիպ վարչական մեղադրանքով կարճ ժամանակով ձերբակալել էր «Պուբլիկա» հրատարակության լրագրող Մամուկա (Բասթի) Մգալոբլիշվիլիին։

Վրաստանը ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին նոր օրենք, որը նախատեսում է խոշոր տուգանքներ և ազատազրկում։

Զեկույցում ընդգծվում է, որ «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանը, երկրի ներսում և միջազգային մակարդակով առկա դիմադրության պայմաններում, ընդունել է մի շարք ռեպրեսիվ օրենքներ։ 2025 թվականի ապրիլի 1-ին խորհրդարանը հաստատել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նոր տարբերակը՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ» անվամբ, որի պահանջների խախտումը նախատեսում է մինչև 25 000 լարի (8 250 եվրո) տուգանք և մինչև 5 տարվա ազատազրկում։

Եվրոպայի խորհրդի մեդիայի ազատության զեկույցում նշվում են նաև «Վրացական երազանք» խորհրդարանի կողմից «Դրամաշնորհների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք օտարերկրյա դոնորներին պարտադրում են մինչև դրամաշնորհ տրամադրելը ստանալ Վրաստանի կառավարության թույլտվությունը։

Զեկույցում ասվում է, որ «Հեռարձակման մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի հունիսին, ընդլայնել են «զավթված մեդիա-կարգավորիչի՝ Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի լիազորությունները»։

«Հանձնաժողովին տրվել է իրավասություն կարգավորելու փաստական ճշգրտությունը, անաչառությունը և անձնական կյանքի անձեռնմխելիությունը, որոնք նախկինում վերահսկվում էին ինքնակարգավորման մեխանիզմով։ Փոփոխությունները հանձնաժողովին հնարավորություն են տվել նոր կանոնների խախտման համար հեռարձակողին տուգանել տարեկան եկամտի մինչև 3 տոկոսի չափով կամ զրկել լիցենզիայից», — նշված է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ «Հեռարձակման մասին» օրենքի նոր փոփոխությունների հիման վրա իշխանությունները արդեն բողոքներ են ներկայացրել «Ֆորմուլա»-ի և «TV Պիրվելի»-ի դեմ։

Միաժամանակ զեկույցում կարդում ենք, որ 2025 թվականի հունիսին խորհրդարանը փոփոխություններ է ընդունել «Խոսքի և արտահայտման ազատության մասին» օրենքում, ինչի արդյունքում նվազել են գործող պաշտպանական երաշխիքները և աճել է պատասխանատվությունը զրպարտության և վիրավորանքի համար։

Փաստաթղթում անդրադարձ կա նաև դատարանի շենքում և հարակից տարածքներում լուսանկարահանման, տեսանկարահանման կամ հեռարձակման արգելքին և նշվում է, որ համապատասխան օրենքը, որը նույնպես ընդունվել է «Վրացական երազանք» խորհրդարանի կողմից, «էականորեն սահմանափակում է լրագրողների հնարավորությունը լուսաբանելու դատական գործընթացները դատարանի շենքից»։

«Դատարանի որոշմամբ սառեցվել են մի շարք հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ մամուլի ազատությամբ զբաղվող խմբերի բանկային հաշիվները։ Թիրախ են դարձել նաև մեդիա կազմակերպություններ, այդ թվում՝ առցանց հրատարակություն «Պրոեկտ 64»-ը, «Մթիս ամբեբի»-ն ղեկավարող կազմակերպությունը և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության մեդիա կենտրոնը, որը ղեկավարում է հետաքննական iFact հրատարակությունը», — նշված է զեկույցում։

Եվրոպայի խորհրդի մեդիայի ազատության զեկույցում մտահոգություն է արտահայտվում նաև Վրաստանի հանրային հեռարձակողի խմբագրական անկախության վերաբերյալ։

«Ինչպես նշված է Եվրոպական միության ընդլայնման քաղաքականության վերաբերյալ 2025 թվականի զեկույցում՝ «Հանրային հեռարձակողը զուրկ է անկախությունից, ունի կողմնակալ խմբագրական քաղաքականություն և նպաստել է հակաեվրոպական հռետորաբանության տարածմանը»», — նշված է փաստաթղթում։ Նշվում է նաև, որ հանրային հեռարձակողի ղեկավարությունը աշխատանքից ազատել է լրագրողներ Վասիլ Իվանով-Չիքովանիին և Նինո Զաուտաշվիլիին այն բանից հետո, երբ նրանք հրապարակայնորեն մտահոգություն էին հայտնել հեռարձակողի գործունեության մեջ քաղաքական միջամտության վերաբերյալ։

«Ավելի ուշ Նինո Զաուտաշվիլիի թոք-շոուն փակվեց։ Հետագայում աշխատանքից ազատվել են ևս մի քանի լրագրողներ։ Այս ազատումները, եթերի փոփոխությունները, սահմանափակող խմբագրական պրակտիկան և ֆինանսավորման ու կառավարման ոլորտում տեղի ունեցած զարգացումները ևս մեկ անգամ ընդգծել են հանրային հեռարձակողի անկախության խոցելիությունը քաղաքական ազդեցությունների նկատմամբ», — ասվում է զեկույցում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Վրաստան մուտք գործելու իրավունքից շարունակում են զրկվել օտարերկրյա լրագրողները, այդ թվում՝ մերժում է տրվել բրիտանացի ֆրիլանսեր լրագրող Ուիլ Նիլսին, ֆրանսիացի ֆրիլանսեր ֆոտոլրագրող Ժերոմ Շոբոյին, իտալացի լրագրող Ջակոմո Ֆերարային և շվեյցարացի ֆոտոլրագրող Գրեգոր Զոմմերին։

«Տասնյակ լրագրողներ կրկին դարձել են իրավապահ մարմինների կողմից ֆիզիկական հարձակումների զոհ։ Նրանց բազմիցս տուգանել են, խոչընդոտել մասնագիտական գործունեությանը և առգրավել տեխնիկան։ Լրագրողների դեմ կատարված հանցագործությունների համար անպատժելիությունը շարունակում է լայնորեն տարածված լինել․ քննությունները հաճախ անարդյունավետ են, իսկ մեղավորները, հատկապես իրավապահ համակարգից, պատասխանատվության չեն ենթարկվում։

Չնայած Վրաստանում մեդիայի նկատմամբ իրականացվող աննախադեպ ճնշմանը՝ անկախ լրագրողները ցուցաբերել են զարմանալի տոկունություն և շարունակում են աշխատել։ Սակայն արդյունավետ վերահսկողական մեխանիզմների, իրավական երաշխիքների և անկախ ինստիտուտների բացակայության պայմաններում, առանց անհապաղ միջազգային աջակցության և ճնշման, երկրում լրագրությունը կանգնած է կայունության կորստի վտանգի առաջ», —
նշված է Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի մեդիայի ազատության զեկույցում։

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google