70 տարեկանից ցածր թոշակառուների կենսաթոշակը հունվարի 1-ից կդառնա
415 լարի:
Այս մասին կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցում այսօր՝
հոկտեմբերի 12-ին, հայտարարեց «Վրացական երազանք»-ի կառավարության
ղեկավար Իրակլի Կոբախիձեն:
«Որոշում ենք կայացրել 70 տարեկանից ցածր թոշակառուների համար
նախատեսված կենսաթոշակը, ինդեքսավորման կանոնով նախատեսված 20 լարիի
փոխարեն, ավելացնել 45 լարիով», - հայտարարեց Կոբախիձեն: Նրա
խոսքով՝ փոփոխությունը պետական բյուջեում կենսաթոշակների համար
հատկացված ծախսերի լրացուցիչ
128 միլիոն լարիով ավելացում
կպահանջի:
Մինչ այդ, բյուջեի նախագծով բնակչության կենսաթոշակային ապահովման
համար նախատեսված էր 5570 միլիոն լարի:
20-ի փոխարեն 45 լարիով կենսաթոշակի ավելացման հնարավորությունը,
Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, ընձեռել է տնտեսական աճի
ցուցանիշը:
Կոբախիձեի համաձայն՝
«թույլատրելի նորմայի սահմաններում,
առաջիկա տարիներին նույնպես առավելագույնս կփորձեն 70 տարեկանից ցածր
թոշակառուների կենսաթոշակն ավելացնել ինդեքսավորման կանոնից
դուրս»:
Վրաստանի օրենսդրությամբ՝ իշխանությունը պարտավոր է 70 տարեկանից ցածր
թոշակառուի կենսաթոշակն ամեն տարի ավելացնել առնվազն ինֆլյացիայի
ցուցանիշով, սակայն ոչ պակաս, քան 20 լարիով: Սեպտեմբերին տարեկան
միջին ինֆլյացիան կազմել է 5,1 տոկոս:
Բյուջեի նախագծով նախատեսվում է կենսաթոշակի ավելացում նաև
այլ խմբերի համար.
Խիստ արտահայտված և մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց
սոցիալական վճարը կավելանա 60 լարիով;
Մյուս կատեգորիաների հաշմանդամություն ունեցող անձանց վճարը կավելանա
20 լարիով:
Հաջորդ տարի ավելանում են բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների և
հանրային ծառայության աշխատակիցների աշխատավարձերը: Նրանց
աշխատավարձերի ավտոմատ աճի մասին գրանցումն օրենքում առկա է 2024
թվականի մարտից:
Վրաստանի օրենսդրությամբ՝ բարձր քաղաքական պաշտոնատար անձանց և
դատավորների աշխատավարձերը ֆիքսված չեն: Դրանք ամեն տարի
վերասահմանվում և հաշվարկվում են երկու գործոնով՝ բազային աշխատավարձի
և խորհրդարանի կողմից սահմանված գործակցի արտադրյալով: Գործակիցներն
անփոփոխ են, իսկ բազային աշխատավարձն ամեն տարի սահմանվում է նորից և
արտացոլվում բյուջեում:
Օրինակ, անցյալ (2025) թվականին Վրաստանում բազային աշխատավարձը 1460
լարի էր, այս տարի՝ 1600, իսկ հաջորդ տարի կդառնա 1735 լարի:
Ում աշխատավարձը որքան կդառնա.
Նախագահինը, վարչապետինը, խորհրդարանի նախագահինը կավելանա 1350
լարիով և կդառնա 17 350 լարի;
Խորհրդարանի նախագահի տեղակալինը՝ 1215 լարիով և կդառնա 15 615
լարի;
Նախարարներինը, խորհրդարանի խմբակցությունների նախագահներինը՝ 1148
լարիով և կդառնա 14 748 լարի;
Պատգամավորների աշխատավարձը՝ 1080 լարիով և կդառնա 13 880 լարի: