«Մառնեուլում ամեն ինչ լավ է» — հարցում Մառնեուլի փողոցներում
Մառնեուլում անբարեկարգ ճանապարհներ, մեծ քանակությամբ մեքենաներ, հետիոտների համար նախատեսված մայթերի անհարմար և ոչ համապատասխան վիճակ... Սրանք այն խնդիրների միայն փոքր մասն են, որոնց Մառնեուլի բնակիչները առնչվում են առօրյա կյանքում։

Այսօր Մառնեուլում, Ռուսթավելի փողոցում, մենք անցկացրել ենք հարցում։ Բնակիչներին հարցրել ենք քաղաքում առկա խնդիրների մասին։ Չնայած որոշ մարդիկ հրաժարվեցին մասնակցել հարցմանը, մյուսները չէին խուսափում խոսել առկա խնդիրների մասին

և հույս էին հայտնում, որ դրանք կլուծվեն։

Բացի այդ, հարցման ընթացքում որոշ մարդիկ տեսախցիկից դուրս պատմում էին իրենց առօրյա խնդիրների մասին, իսկ տեսախցիկի առաջ կամ հակառակն էին ասում, կամ ընդհանրապես ոչինչ չէին ասում և առանց մեկնաբանության հեռանում էին։ Ոմանք էլ հայտարարում էին, որ Մառնեուլում ամեն ինչ լավ է ու կարգին, և որևէ խնդիր իրենց չի անհանգստացնում։

«Տեսնում եք, ճանապարհը նեղ է։ Նեղ է, գոնե փորելու աշխատանքներն ավարտեին, խողովակները տեղադրեին, մի փոքր կլայնանար և ավելի լավ կլիներ։ Թեկուզ փոքր-ինչ ավելի լավ կլիներ։ Ոտքով քայլելը ավելի լավ է, քան միկրոավտոբուսով երթևեկելը։ Միկրոավտոբուսով ավելի շատ  ես ուշանում», — ասում է Մառնեուլի բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ բողոքում է խցանումներից և մեքենաների մեծ քանակից։



«Շտապում ես ինչ-որ տեղ և չես կարողանում հասնել։ Սրան պետք է ինչ-որ լուծում տալ։ Չնայած, երբ նայում եմ, Մառնեուլը քաղաք է դարձել, և դա ինձ ուրախացնում է։ Բայց մեքենաների պատճառով գնում ես ինչ-որ տեղ և ուշանում ես։ Հիվանդ ունես և չես կարողանում հասցնել, ժամանակին չես հասնում։ Անպայման պետք է ուշադրություն դարձնել այս հարցին»։

Չնայած Մառնեուլի բնակիչների մի մասը խոսում է խնդիրների մասին, մյուս մասը նշում է, որ Մառնեուլը բարեկարգվել է և կան դրական փոփոխություններ։

«Երբ նայում եմ մեր ճանապարհներին, մեր շրջանին, շատ գեղեցիկ է։ Ամեն տարի մեծ փոփոխություններ են լինում։ Օրինակ՝ գյուղերում, հավատացեք, նույնիսկ ամենափոքր գյուղերն են... ունեն լույս, ջուր, ճանապարհ, գազ։ Եթե համեմատենք որոշ հանրապետությունների հետ, շատ գեղեցիկ է, շատ։ Մենք հպարտանում ենք։ Սիրում ենք թե՛ պետությունը, թե՛ հայրենիքը»։

Մառնեուլում՝ թե՛ քաղաքում, թե՛ գյուղերում, ճանապարհների և կոյուղու համակարգի վերականգնման աշխատանքները շարունակվում են դեռևս 2019 թվականից։ Սկզբնական ծրագրով նախագիծը պետք է ավարտվեր 2021 թվականին, սակայն մրցույթում հաղթած ընկերությունները ժամանակին չեն կատարել իրենց պարտավորությունները։

Ներկայումս աշխատանքների վերջին փուլը իրականացվում է Ռուսթավելի փողոցում։ Չնայած գործընթացը պետք է ավարտվեր հունվարի վերջում, փողոցում աշխատանքները մինչ օրս շարունակվում են, իսկ ավարտի հստակ ժամկետը դեռևս անհայտ է։
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები