«ԹՊՀ»-ում բազմալեզու ծրագիրը փակվում է․ ի՞նչ կփոխվի ոչ վրացալեզու դպրոցների համար

2026 թվականի սեպտեմբերից Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում բազմալեզու կրթական  ծրագիրը այլևս չի ընդունի նոր ուսանողներ։

Ծրագրի փակումը համալսարանը պաշտոնապես հաստատել է «Ռադիո Մառնեուլի»-ին։ Փոփոխությունը իրականացվում է կրթական նոր բարեփոխման շրջանակում և առաջացրել է ուսանողների ու շրջանավարտների զգալի դժգոհությունը։

Բազմալեզու  ծրագրի շրջանավարտ Չիչեք Նասիբովան, որն այսօր աշխատում է իր հայրենի դպրոցում որպես ուսուցչուհի, կարծում է, որ

այս որոշումը հատկապես վնասելու է ոչ վրացալեզու երիտասարդներին և էապես կխոչընդոտի նրանց թե՛ հասարակական ինտեգրմանը, թե՛ մասնագիտական զարգացմանը։

Նրա խոսքով՝ բազմալեզու  ծրագիրը բազմաթիվ երիտասարդների հնարավորություն էր տալիս լիարժեք տիրապետել պետական լեզվին և միաժամանակ ձեռք բերել մանկավարժական գիտելիքներ ու գործնական հմտություններ։ Նասիբովան ընդգծում է, որ նման ծրագրերի բացակայության դեպքում էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում պետական լեզվին լավ տիրապետող, որակյալ ուսուցիչների պակասը կխորանա, ինչը բացասաբար կանդրադառնա ինչպես աշակերտների կրթության որակի, այնպես էլ նրանց ապագա հնարավորությունների վրա։

«Անձամբ ես կարծում եմ, որ այս ծրագիրը շատ կարևոր է ինչպես պետության, այնպես էլ մեզ՝ ոչ վրացալեզու բնակչության համար։ Ծրագրի շնորհիվ մենք ոչ միայն ավելի լավ սովորեցինք լեզուն, այլև սովորեցինք, թե ինչպես այն դասավանդել մեր աշակերտներին։ Կարող եմ ասել, որ ծրագիրը շատ արդյունավետ է։ Այս պահին ծրագրի միջոցով պատրաստված ուսուցիչների գրեթե 99 տոկոսը աշխատում է դպրոցներում, ինչը շատ լավ արդյունք է։ Որպես այս ծրագրի շրջանավարտ՝ կարող եմ նշել, որ դրա շնորհիվ պետական լեզվին տիրապետեցի բավարար մակարդակով և 300 կրեդիտանոց բակալավր–մագիստրոսական ուսուցչի պատրաստման ծրագիրը ավարտեցի կարմիր դիպլոմով։ Կարծում եմ՝ սա վատ արդյունք չէ այն մարդու համար, ով ավարտել է ադրբեջանալեզու դպրոց և մեծացել ադրբեջանցիներով բնակեցված գյուղում։ Իմ կարծիքով՝ ծրագրի պահպանումը մեծապես կնպաստի ոչ վրացալեզու աշակերտների ինտեգրմանը և պետական լեզվի ավելի լավ յուրացմանը»։

Օրինակ՝ անցած տարի համալսարանի բազմալեզու  ծրագրում ընդունվել էր 49 ուսանող։ Համալսարանում պարզաբանել են, որ արդեն ընդունված ուսանողները կշարունակեն ուսումը սովորական կարգով և ամբողջությամբ կավարտեն ծրագիրը։

Ծրագրի պահպանման պահանջով ստեղծվել է ստորագրահավաք՝ համալսարանի բազմալեզու  կրթության ծրագրի ուսանողների և վրացերեն լեզվով նախապատրաստական պետական ծրագրի շահառուների կողմից։ Նրանք նշում են, որ ծրագրի փակումը վնասում է ինչպես ուսանողների իրավունքներին, այնպես էլ պետական շահերին։

«ԹՊՀ-ի բազմալեզու  ծրագիրը Վրաստանում  միակն է, որը նպատակային կերպով պատրաստում է երկլեզու կադրեր ոչ վրացալեզու դպրոցների համար։ Դրա փակումը հակասում է Պետական լեզվի դեպարտամենտի, Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության և Հաշտեցման ու քաղաքացիական ինտեգրման հարցերով պետական նախարարի աշխատակազմի 2021-2030 թթ. ռազմավարություններին։ Առանց այս ծրագրի կտապալվի նախարարության նախաձեռնած «Բիլինգվալ ուսուցման նախագիծը», որն այսօր ընդգրկում է ավելի քան 200 դպրոց»,- նշված է ստորագրահավաքում։

Ստորագրահավաքի հիմնական պահանջներից է, որ բացառության կարգով համալսարանին թույլատրվի շարունակել ուսուցիչների պատրաստման ծրագրերը՝ հաշվի առնելով նրա 107-ամյա առաքելությունն ու եզակի ակադեմիական ռեսուրսը։

Առաջարկվում է նաև առնվազն մեկ ակադեմիական տարով (+1 տարի) երկարաձգել ընդունելությունը, որպեսզի «1+4» կուրսում սովորող ուսանողները հնարավորություն ունենան ուսումը շարունակել ընտրված ծրագրում։ Բացի այդ, կոչ է արվում վերանայել ծրագրի փակման և փուլային դադարեցման որոշումը և գտնել խնդրի լուծման առավել օպտիմալ ճանապարհ։ Նախատեսվում է նաև ապահովել բոլոր անհրաժեշտ դասընթացների անցկացումը՝ անհատական ուսումնական պլան ունեցող և մոբիլությամբ սովորող ուսանողների համար, որպեսզի նրանք կարողանան լիարժեք ավարտել ծրագիրը։

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები