Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) խոշոր չափի
խարդախության փորձի փաստով Մառնեուլիի քաղաքապետարանի աշխատակցի և նրա
հետ կապված մեկ անձի է ձերբակալել։
Լրացում․ ՊԱԾ-ում «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են, որ Ռիմա
Օթարաշվիլիին չեն ձերբակալել․ նա դատավճռին կսպասի ոչ ազատազրկման
խափանման միջոցի պայմաններում։
Այսօր՝ մարտի 9-ին, Պետական անվտանգության ծառայության տարածած
տեղեկատվության համաձայն, Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի
վարչական ծառայության աշխատակիցը և
մեկ քաղաքացի են ձերբակալվել։
Քննությամբ պարզվել է, որ Մառնեուլիի մունիցիպալիտետում գտնվող 20 000
քառակուսի մետր հողատարածքը մի քանի մասի բաժանելու և սահմանազատելու
հարցը քաղաքապետարանում իբր դրական լուծելու դիմաց քաղաքապետարանի
վարչական ծառայության աշխատակիցը և նրա վստահված անձը քաղաքացուց
պահանջել են 60 000 ԱՄՆ դոլար, որից նախապես վերցրել են 5 000 ԱՄՆ
դոլար։
Պետական անվտանգության ծառայության տարածած տեսագրությունում երևում
է, թե ինչպես է քաղաքապետարանի վարչական ծառայության աշխատակից Ռիմա
Օթարաշվիլին գումար վերցնում և քաղաքացուն 60 000 դոլարի դիմաց
խոստանում գործի ամբողջական լուծում, նշելով, որ «այս գործի գլխավոր
անձը կլինի քաղաքապետը»։
Քննությունը կատարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-րդ և 180-րդ
հոդվածներով, ինչը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում։
"Ռադիո Մառնեուլի"