Ռիմա Օթարաշվիլիին չեն ձերբակալել․ նա դատավճռին կսպասի ոչ ազատազրկման խափանման միջոցի պայմաններում

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Ռիմա Օթարաշվիլիին չեն ձերբակալել։

«Ռադիո Մառնեուլի»-ին Պետական անվտանգության ծառայությունում հայտնել են, որ Օթարաշվիլին դատավճռին կսպասի ոչ ազատազրկման խափանման միջոցի պայմաններում։

Այսօր՝ մարտի 9-ին, Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցների կողմից Վրաստանի տարբեր շրջաններում իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում 12 տարբեր քրեական գործերով բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների առնչությամբ ձերբակալվել և

քրեական պատասխանատվության է ենթարկվել 30 մարդ։

Ձերբակալված և պատասխանատվության ենթարկված անձանց թվում նշվում էր նաև Մառնեուլիի քաղաքապետարանի վարչական ծառայության աշխատակից Ռիմա Օթարաշվիլին։ Պետական անվտանգության ծառայությունը նրան մեղադրում է նախնական համաձայնությամբ խմբի կողմից խոշոր չափի խարդախության փորձի մեջ։

Քննությամբ պարզվել է, որ Մառնեուլիի մունիցիպալիտետում գտնվող 20 000 քառակուսի մետր հողատարածքը մի քանի մասի բաժանելու և սահմանազատելու հարցը քաղաքապետարանում իբր դրական լուծելու դիմաց քաղաքապետարանի վարչական ծառայության աշխատակիցը և նրա վստահված անձը քաղաքացուց պահանջել են 60 000 ԱՄՆ դոլար, որից նախապես վերցրել են 5 000 ԱՄՆ դոլար։

Պետական անվտանգության ծառայության տարածած այս տեղեկատվությունը հրապարակել է «Ռադիո Մառնեուլին», որից հետո լրատվամիջոցի հետ կապ հաստատած աղբյուրը հայտնել է, որ Ռիմա Օթարաշվիլին ձերբակալված չէ և այդ պահին դեռ գտնվում էր Մառնեուլիի քաղաքապետարանի շենքում։

Պետական անվտանգության ծառայությունում «Ռադիո Մառնեուլի»-ին հաստատել են, որ Օթարաշվիլին, որին սպառնում է 6-ից 9 տարի ազատազրկում, ձերբակալված չէ։

Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-րդ և 180-րդ հոդվածների երկրորդ մասի «ա» և երրորդ մասի «բ» ենթակետերով, ինչը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում։

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google