Խարդախության մեջ մեղադրվող Ռիմա Օթարաշվիլիի նախաձեռնությամբ կանանց հետ անցկացված հանդիպումը արժեցել է 1 895 լարի և 20 թեթրի

«Կանանց սենյակի» նախաձեռնությամբ Մառնեուլիի կին ձեռնարկատերերին փոխանցվել են 1 895.20 լարի արժողությամբ նվերային զամբյուղներ։



Նվերների գնման մասին տեղեկատվությունը Մառնեուլիի քաղաքապետարանը մարտի 12-ին հրապարակել է պետական գնումների կայքում։ Ինքնակառավարությունը «Ֆրեսկո Շոփինգ Սենթեր» ՍՊԸ-ից գնել է 16 հատ շոկոլադե կոնֆետների հավաքածու, թուրքական սուրճ, ձիթապտղի պահածո, փրփրուն գինի (շամպայն), կոկոսի շոկոլադների հավաքածու և փայտից հյուսված զամբյուղներ նվերային փաթեթների համար։

Այս ամենի համար ընդհանուր վճարվել է 1 895 լարի և 20 թեթրի։

Նշված գնումների համար գումար հատկացնելու խնդրանքով Մառնեուլիի քաղաքապետ Դաուր Իսմայիլովին դիմել է հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Դավիթ Չիկաձեն։

«Տեղեկացնում եմ, որ «Կանանց սենյակի» նախաձեռնությամբ 2026 թվականի մարտի 6-ին նախատեսվում է Մառնեուլիի մունիցիպալիտետում բնակվող կին ձեռնարկատերերի համար կազմակերպել հանդիպում՝ նվիրված Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան։ Նշված կանայք ակտիվորեն համագործակցում են քաղաքապետարանի հետ և բազմաթիվ մունիցիպալ ծրագրերի ու միջոցառումների ակտիվ գործընկերներ են։ Միջոցառումն ապահովելու նպատակով խնդրում եմ ձեր ենթակայության տակ գտնվող վարչական և ֆինանսա-բյուջետային ծառայությունների միջոցով ապահովել 16 նվերային հյուսված զամբյուղների (քաղցրավենիքի հավաքածուով) գնումը»
, — գրում է Դավիթ Չիկաձեն։

«Կանանց սենյակի» ղեկավարն է Ռիմա Օթարաշվիլին, որի նախաձեռնությամբ էլ անցկացվել է նվերների փոխանցման միջոցառումը։ Հարկ է նշել, որ մարտի 9-ին տարածված տեղեկության համաձայն՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Ռիմա Օթարաշվիլիի դեմ սկսել է քննություն՝ նախնական համաձայնությամբ խմբի կողմից խոշոր չափի խարդախության փորձի փաստով։

Ռիմա Օթարաշվիլիին Պետական անվտանգության ծառայությունը չի ձերբակալել։ Մարտի 9-ին «Ռադիո Մառնեուլի»-ին աղբյուրը հայտնել էր, որ Օթարաշվիլին դեռ գտնվում էր քաղաքապետարանի շենքում։

Պետական անվտանգության ծառայության տարածած տեսանյութում լսվում է, թե ինչպես է Ռիմա Օթարաշվիլին քաղաքացուն ասում, որ նրա գործը, որի համար պահանջել էր 60 000 ԱՄՆ դոլար, 100 տոկոսով կլուծի, և նշում է, որ «այս գործի հիմնական ֆիգուրներից մեկը նաև քաղաքապետը կլինի»։

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები