Մառնեուլիի բարձր միավորներ հավաքած դիմորդները խոսում են իրենց ապագայի ծրագրերի մասին
Մառնեուլիի դիմորդներ Ղուրբանը, Մինայան, Մուրադը, Սուլեյմանը և Այգյուլը ընդհանուր ունակությունների քննությանը բարձր միավորներ են ստացել։

Մառնեուլիի №2 հանրային դպրոցի շրջանավարտ, 18-ամյա Ղուրբան Գոյուսիբովը, հնարավոր 80 միավորից հավաքել է 75-ը։ Նրա խոսքով՝ արդյունքը տեսնելիս մեծ հուզմունք է ապրել և իր ուրախությունն առաջինը կիսել մոր հետ։

«80 հնարավոր միավորից հավաքել եմ 75։  Վերբալ հատվածում ինձ պատրաստել է Ռահիդա

Յուսիբովան, իսկ մաթեմատիկական հատվածում՝ Ֆարզին Մաշադիևը։ Քանի որ ավարտել եմ ռուսալեզու դպրոց, ադրբեջաներենին լավ չէի տիրապետում, ինչի պատճառով քննությանը պատրաստվելն ավելի բարդ էր։ Ընտրել եմ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը և նախատեսում եմ բժիշկ դառնալ»,
- ասում է Ղուրբան Գոյուսիբովը։

Ղուրբանից ընդամենը 2 միավոր պակաս՝ 73 միավոր, ստացել է Մինայա Իբադովան, որն ավարտել է Սադախլոյի №2 հանրային դպրոցը։ Նա պատմում է, որ քննությանը սկսել է պատրաստվել վերջին 5–6 ամիսների ընթացքում։

Մինայայի կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ դիմորդը ուսուցչին հարցեր տա այնքան ժամանակ, մինչև թեման լիովին հասկանա։

«Ծագումով Մառնեուլիի մունիցիպալիտետի Ցոփ գյուղից եմ։ Քննությանը բարձր արդյունք ստանալն ինձ շատ ուրախացրեց։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ուսուցիչներին՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Ասմարին և վերբալ մասի ուսուցիչ Հումբաթին։

Որոշ դիմորդներ ամաչում են ժամանակին հարցնել անհասկանալի թեմաների մասին։ Իմ խորհուրդն այն է, որ որքան անգամ էլ թեման չհասկանան, այնքան անգամ էլ հարցնեն ուսուցչին։

Ընտրել եմ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը։ Ապագայում ցանկանում եմ դառնալ ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ, սակայն դպրոցում աշխատելու փոխարեն ինձ ավելի շատ գրավում է համալսարանում դասախոս լինելու գաղափարը
»,- նշում է Մինայա Իբադովան։

Վերին Սարալ գյուղի բնակիչ Մուրադ Նագիևը հաջողության գաղտնիքը տեսնում է ուսման ճիշտ կազմակերպման մեջ։

Նրա կարծիքով՝ մեկ օրում մեծ ծավալի նյութ սովորելու փոխարեն այն մի քանի օրերի վրա բաժանելն ավելի արդյունավետ է։

«Ավարտել եմ Սայիմերլոյի դպրոցը։ Արդյունքների հրապարակումից առաջ սպասում էի 62–63 միավոր, իսկ ավելի բարձր գնահատական ստանալը հաճելի անակնկալ էր։ Վերբալ հատվածը համեմատաբար դժվար էր, քանի որ պատասխանների տարբերակները շատ նման էին իրար, սակայն բազմաթիվ վարժությունների շնորհիվ կարողացա սխալները հասցնել նվազագույնի։

Իմ հիմնական նպատակն է ընդունվել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան, իսկ ապագայում ծրագրում եմ տեխնոլոգիաների ոլորտում աշխատել արտասահմանում»
,- ասում է Մուրադ Նագիևը։

Մեկ այլ երիտասարդ՝ 18-ամյա Սուլեյման Գարաջաևը, հավաքել է 67 միավոր։ Մոլաողլի գյուղի դպրոցի շրջանավարտը ապագայում ցանկանում է սովորել համակարգչային ինժեներիա։

«Այս արդյունքը իմ ուսուցիչների՝ Էֆենդիի, Էսմիրայի և Էլմարի աշխատանքի շնորհիվ է։ Ես նույնպես ընտրել եմ Թբիլիսիի պետական համալսարանը։ Ցանկանում եմ զարգանալ և դառնալ հաջողակ մասնագետ»,- ասում է Սուլեյման Գարաջաևը։

Ցոփ գյուղի 9-ամյա դպրոցի և Սադախլոյի №2 դպրոցի շրջանավարտ Այգյուլ Իսմայիլովան միասնական ազգային քննություններին հավաքել է 66 միավոր։

«Ունեցել եմ վեցամսյա նախապատրաստական շրջան։ Մարզում ապրելն ունի իր դժվարությունները․ երբեմն սահմանափակ է ուսումնական ռեսուրսների և մասնագետ ուսուցիչների հասանելիությունը, սակայն առցանց հնարավորությունների շնորհիվ կարողացա հաղթահարել այդ խոչընդոտը։

Մառնեուլիում պատրաստվելը բազմաթիվ առավելություններ ուներ։ Տանը, հարազատ միջավայրում լինելը հոգեբանական հանգստություն էր տալիս, և ճանապարհին ժամանակ չէի կորցնում։ Նախատեսում եմ ուսումս շարունակել Թբիլիսիի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում
»,- նշում է Այգյուլ Իսմայիլովան։

Փոփոխություններ բարձրագույն կրթության համակարգում

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը հայտարարել է կրթական համակարգի լայնածավալ բարեփոխումների մասին։

Փոփոխությունների համաձայն՝ 2026–2027 ուսումնական տարվանից պետական համալսարաններում կնվազի ինչպես ընդունվող ուսանողների, այնպես էլ կրթական ծրագրերի թիվը։

Պետական համալսարանների հիմնական ուղղությունները բաշխվելու են հետևյալ կերպ․

  • Թբիլիսիի պետական համալսարան
    ճշգրիտ և բնագիտական գիտություններ,
    իրավունք,
    տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում,
    սոցիալական և քաղաքական գիտություններ,
    հումանիտար գիտություններ (բացի մանկավարժությունից)։
  • Վրաստանի տեխնիկական համալսարան
    ինժեներատեխնիկական մասնագիտություններ։
  • Իլիայի պետական համալսարան
    մանկավարժական ծրագրեր,
    ABET հավատարմագրում ունեցող STEM ուղղություններ։
  • Սուխումիի պետական համալսարան
    գյուղատնտեսական ոլորտներ,
    վրաց-աբխազական լեզու և գրականություն,
    մանկավարժություն։
  • Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
    բժշկական ուղղություններ։
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google