Ծանրաբեռնված մանկապարտեզներ և անպատասխան հարցեր Մառնեուլիում․ խնդրի քննարկում չի իրականացվում
Ծանրաբեռնված մանկապարտեզներ, անբավարար մահճակալներ և տարիներով անորոշության մեջ գտնվող ենթակառուցվածքային ծրագրեր․ Մառնեուլիի ծնողները սոցիալական ցանցերում ակտիվորեն գրում են մսուր-մանկապարտեզներում տիրող պայմանների մասին:

«Ամոթալի մահճակալներ, ամուսնուս ժամանակներից մնացած, նույնիսկ զսպանակներն են ընկած, ոչ մի խաղալիք, երեխայի զարգացմանն ուղղված ոչ մի ակտիվություն․ այս ամենի մասին դարձյալ ծնողներս ենք հոգում, նույնիսկ ննջասենյակի վարագույրներն ենք մենք տարել, դա էլ չունեին։ Ջրի

և ջեռուցման խնդիր․ իսկապես անթույլատրելի է երեխայի ներկայությունն ու զարգացումը նման պայմաններում։ Ամոթ է՜։ Ոչ զանգելն է օգնում, ոչինչ, իսկապես անհրաժե՞շտ է այլ միջոցների դիմել։ Գուցե մեր երեխաների մասին է՞լ որևէ մեկը հոգ տանի։ Թե՞ մեր երեխաներն արժանի չեն
»,- գրում է ծնողներից մեկը «Ռադիո Մառնեուլիի» հրապարակած նյութի տակ, համաձայն որի՝ մունիցիպալիտետը նոր սպիտակեղեն է գնել այն նախադպրոցական հաստատության համար, որը չի գործում։

Նմանատիպ մեկնաբանություններ գրում են բազմաթիվ ծնողներ: «Ռադիո Մառնեուլին» մի քանի շաբաթ շարունակ ապարդյուն փորձում էր կապ հաստատել Մսուր-մանկապարտեզների միավորման հետ: Հարցերի պատասխանները հիմա փորձում ենք ստանալ քաղաքապետարանի միջոցով: Գերատեսչությունում մեզ ասացին, որ ավելի լավ կլիներ դիմել նամակով, և այսօր՝ հոկտեմբերի 9-ին, քաղաքապետարանին ուղարկեցինք պաշտոնական նամակ:

Օրենսդրությամբ՝ հանրային տեղեկատվություն ստանալու համար գերատեսչությունն ունի առավելագույնը 10 աշխատանքային օր, սակայն «Ռադիո Մառնեուլիի» փորձը ցույց է տալիս, որ նման հարցերի ուսումնասիրությունը հաճախ ձգձգվում է: Գրեթե չենք հիշում դեպք, երբ գերատեսչությունը տեղեկատվությունը տրամադրած լինի օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում, և պատասխանները լինեն ամբողջական:

Քաղաքապետարանին ուղարկված նամակում ֆիքսել ենք հետևյալ հարցերը.

• Ընդհանուր առմամբ քանի՞ երեխա է գրանցված Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում ընթացիկ դրությամբ:
• Որքա՞ն է յուրաքանչյուր մանկապարտեզում առկա խմբերի միջին քանակը, քանի՞ աշակերտ/սան է հաճախում յուրաքանչյուր խումբ:
• Առկա՞ են արդյոք հերթեր (սպասման ցուցակ, ռեզերվ) մանկապարտեզներ ընդունվելու համար, և քանի՞ երեխա է սպասում տեղի:
• Ի՞նչ փուլում է գտնվում Մառնեուլիի №5 մանկապարտեզի (Յաղլուջայի փողոց), №2 մանկապարտեզի (Հունվարի 20-ի փողոց), Ծերեթելիի և Շուլավերի մանկապարտեզների շինարարությունը: Ե՞րբ կավարտվի և ե՞րբ հնարավոր կլինի դրանց գործարկումը:
• Առկա՞ է արդյոք մունիցիպալիտետի գործող մանկապարտեզներում գույքի բավարար քանակություն (այդ թվում՝ մանկական մահճակալներ, սեղաններ, աթոռներ և խաղային/ուսումնական նյութեր):
• Արձանագրվո՞ւմ է արդյոք որևէ տեղ մահճակալների կամ այլ հիմնական գույքի դեֆիցիտ: Եթե այո, ապա ի՞նչ կարիք եք տեսնում, և կա՞ն արդյոք լուծման ճանապարհներ:


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google