Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոն հրապարակել է 2025
թվականի բյուջեի նախագիծը։
Բյուջեի նախագծով 2025-ին 2024-ի համեմատ ավելացվել է
քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցների աշխատավարձերի
համար հատկացվող գումարը, իսկ սոցիալական ծրագրերի, կրթության,
մաքրության և շրջակա միջավայրի պահպանության և ենթակառուցվածքների
զարգացման համար նախատեսված միջոցները կրճատվել են։
2025 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեով նախատեսված է
9,318,800 լարի աշխատակիցների փոխհատուցման համար, ինչը նախորդ տարվա
ծախսերի համեմատ
ավելացել է 1,009,900 լարիով։ 2024 թվականին
8,308,900 լարի է հատկացվել աշխատողների աշխատավարձերին։
2025 թվականի բյուջեի նախագծով սոցիալական ծրագրերին հատկացվում է 3
միլիոն 200 հազար լարի, ինչը 649 հազար 400 լարիով պակաս է 2024
թվականի բյուջեով նախատեսված գումարից։
Սոցիալական ծրագրերը ներառում են հիվանդների սոցիալական
պաշտպանությունը, որտեղ բյուջեն կրճատվում է 1600 լարիով, և
ընտանիքների և երեխաների սոցիալական պաշտպանությունը, որտեղ բյուջեն
2024 թվականի համեմատ կրճատվել է 642800 լարիով։
2025 թվականի բյուջեով կրթությանը հատկացվել է 7 072 000 լարի, իսկ
2024 թվականի բյուջեով հատկացվել է 7 868 400 լարի՝ պետբյուջեից 1 668
900 լարի։ 2025 թվականի բյուջեի նախագծում նշված չէ, թե պետական
բյուջեից որքան լարի է հատկացվելու կրթությանը։
Հաջորդ տարվա բյուջեում կրճատվել են նաեւ մաքրման եւ շրջակա միջավայրի
պահպանության համար նախատեսված միջոցները։ 2025 թվականի բյուջեով
նախատեսված է 4 615 000 լարի, իսկ 2024 թվականի բյուջեով նախատեսված է
եղել 4 995 400 լարի։
2024 թվականի համեմատ 2025 թվականի բյուջեով ենթակառուցվածքների
զարգացման համար հատկացված միջոցները նվազել են 19 065 100 լարիով։
2024 թվականի բյուջեով ենթակառուցվածքների զարգացման համար հատկացվել
է 38 006 100 լարի՝ տեղական բյուջեից 23 738 700 լարի, կենտրոնական
բյուջեից՝ 14 267 400 լարի։
2025 թվականի բյուջեի նախագծով ենթակառուցվածքների զարգացման համար
հատկացվել է 18 941 000 լարի։ 2025 թվականի բյուջեի նախագծում նշված
չէ, թե պետական բյուջեից քանի լարի է հատկացվելու
ենթակառուցվածքների զարգացմանը։
Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին
հրապարակել է բյուջեի նախագիծը հանրային քննարկումների համար։
Քաղաքացիները բյուջեի նախագծին առաջարկներ կարող են ներկայացնել մինչև
նոյեմբերի 25-ը։
Ռադիո Մառնեուլի
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան