Դեկտեմբերի 20-ին Մառնեուլիի Մաղալաշվիլիի կամրջի վրա
ավտոմոբիլային երթեւեկությունը չի վերականգնվել։
Տեղական ինքնակառավարումը որպես պատճառ նշում է դեկտեմբեր ամսվա վատ
եղանակը և հրապարակված հաղորդագրության մեջ գրում է, որ այս փուլում
կամուրջն ակտիվորեն վերականգնվում է, իսկ ճանապարհը նախատեսվում է
բացել հաջորդ շաբաթվանից։
«
Դեկտեմբեր ամսվա վատ եղանակի պատճառով Մառնեուլի քաղաքի
Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի ընթացող վերանորոգման
աշխատանքները ընդհատվել են, ինչի պատճառով կամուրջը չի հաջողվել բացել
կանխորոշված ժամկետում։ Տեղեկացնենք, որ աշխատանքներն այս պահին
ակտիվ ընթացքի մեջ են և ավարտման փուլում են, նախապատրաստվում է
կամրջի երթեւեկելի մասը, որի երթեւեկությունը հաջորդ շաբաթվանից
կվերականգնվի։ Բացի այդ, նշենք, որ տեղական ինքնակառավարման որոշմամբ
քաղաքում ստեղծված խցանումները վերացնելու նպատակով, Վրացական
երկաթուղու հետ համաձայնությամբ, կամրջից ներքեւ գտնվող
երկաթուղային գծով կազմակերպվել է այլընտրանքային տրանսպորտային
անցում. . Մառնեուլիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը
պատճառած անհանգստության համար»,- գրել է Մառնեուլիի
քաղաքապետարանը։
Նոյեմբերի 30-ին Մաղալաշվիլիի կամուրջը փակվել է ընթացող
վերականգնողական աշխատանքների պատճառով։ Այն ժամանակ տեղական
ինքնակառավարումը բնակչությանը խոստացել էր, որ դեկտեմբերի 20-ին
կվերականգնեն երթեւեկությունը։
Մառնեուլի քաղաքում «Իրլանի» ՍՊԸ-ն 1 մլն 878 հազար 333 լարիով
իրականացնում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման
աշխատանքները։ Աշխատանքները շարունակվում են ավելի քան հինգ ամիս։
Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է
կնքել ընկերության հետ, ըստ որի՝ աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է
սահմանվել 150 օրացուցային օր՝ մոտավորապես 5 ամիս։ Հոկտեմբերի 12-ին
քաղաքապետարանի և «Իրլան» ՍՊԸ-ի միջև մայիսի 5-ին կնքված պայմանագրում
փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն ընկերությանը
վերջնաժամկետ է տրվել դեկտեմբերի 25-ն ավարտելու աշխատանքները։
Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան