Ի՞նչ են ուտում մառնեուլցի երեխաները դպրոցում
Գազավորված ըմպելիքներ, չիպսեր, մաստակներ, միանգամյա օգտագործման ապուրներ, էներգետիկ ըմպելիքներ ՝ սա այն ապրանքների թերի ցուցակն է, որը Հանիֆա Գուլիևան 18 տարի վաճառում է Մառնեուլիի մունիցիպալիտետի Դաշտաֆ հանրակրթական դպրոցի մուտքի մոտ գտնվող փոքրիկ արհեստավոր վաճառասեղանին։ Դպրոցում գտնվելու ընթացքում սա աշակերտների համար սնվելու միակ միջոցն է, որում նրանք ծախսում են օրական 2 կամ 3 լարի։





«Ես այստեղ կանգնում եմ նույնիսկ անձրեւի տակ և առևտուր եմ անում: Ինչպե՞ս կարող եմ այս ձմռան օրով մնալ դրսում: 2 ժամ հետո հավաքում եմ ու գնում։ 18 տարի այսպես առևտուր եմ անում քամու ու ձյան տակ։ Մառնեուլի խանութից իրեր եմ առնում, բերում, այստեղ վաճառում։ Եկեք և տեսեք ցանկացածի պիտանելիության ժամկետը։ 10 թեթրուց ավել չեմ ավելացնում»,- ասում է Հանիֆա Գուլիեւան։


{{AUDIO}}

Մառնեուլիի մունիցիպալիտետում գործում է 74 հանրակրթական դպրոց։ Պանդեմիայից հետո այս տարի առաջին անգամ կրթական հաստատություններին թույլատրվել է բացել բուֆետներ։ Հասարակական սննդի օբյեկտներ են բացվել Մառնեուլիի միայն մի քանի հանրակրթական դպրոցներում, մինչդեռ հաստատությունների մեծ մասը սպասում է աշխատանքի մեկնարկին։ Այնտեղ, որտեղ դպրոցի ներքին պարագծում բուֆետ չկա, աշակերտների համար միակ լուծումը դպրոցների մոտ գտնվող խանութներն են կամ արհեստավոր վաճառասեղանները, որտեղից կարելի է գնել միայն չոր սնունդ։ Գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկը, ում ձայնագրել ենք անանունության երաշխիքով, ասում է, որ իրենց բուֆետում, բացի չիփսերից, գազավորված ըմպելիքներից և նմանատիպ այլ խորտիկներից, ոչինչ չի վաճառվում, իսկ ուսումնական հաստատությունում վերահսկողության մեխանիզմ չկա։

«Մի քանի շաբաթ առաջ չորս աշակերտ ստամոքսացավ ուներ։ Նրանք հինգերորդ դասարանցիներ են, և բոլորի մոտ սրտխառնոցի նույն զգացողությունն է եղել: Պարզվել է, որ նրանք միաժամանակ չիպսեր են կերել և հիվանդացել։ Այն, որ երեխաներին թունավորելու են, փաստ է։ Ո՛չ դպրոցի տնօրինությունը, ո՛չ բուֆետը դա չեն ընդունում, բայց երեխաներն ասում էին, որ ամեն ինչ սկսվել է չիփս ուտելուց հետո։ Կարծում եմ, որ դպրոցները չպետք է վաճառեն միանգամյա օգտագործման ապուրներ և չիփսեր: Երբեմն այնքան քաղցած եմ լինում, իսկապես իջնում եմ և չիպսեր եմ առնում, որ մինչև յոթերորդ դասը դիմանա»,- մեզ ասում է ուսուցիչը։

Ինչպես ուսուցիչը, այնպես էլ Մառնեուլիի տարբեր դպրոցների աշակերտները պատմում են, որ ցերեկը հիմնականում ուտում են գազավորված ըմպելիքներ, չիփսեր և մեկանգամյա ապուրներ։

«Ես միշտ գնում եմ չիպսեր և կոլա։ Սկզբունքորեն ես այլ ելք չունեմ։ Մենք ընդմիջմանը գնում ենք այստեղի խանութներ»,- ասում է տասներկուերորդ դասարանի աղջիկը։

«Մեր դպրոցում բուֆետ չկա, երբեմն հոթդոգ եմ գնում, երբեմն գազավորված ըմպելիք կամ դոնդող »,- ասում է Մառնեուլիի դպրոցներից մեկի տասներկուերորդ դասարանի տղան։





Դպրոցներում երեխաների անառողջ սնվելուց տուժում են նաև ծնողները։ Նրանք ասում են, որ մարդկանց մեծամասնությունը չի կարող իրեն թույլ տալ սնունդ վերցնել տնից։ Գումար ծախսվում է չոր սննդի վրա։ Ծնողները կարծում են, որ պետությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ուսումնական հաստատություններում սննդի խնդրին։

«Ցավոք սրտի, դեռ համաճարակից առաջ բուֆետներում անառողջ մթերքներ էին վաճառվում։ Ես տեսել եմ միանգամյա օգտագործման ապուրներ և ընդհանրապես արագ սնունդ, որոնք վնասակար են երեխաների համար: Լավ է, որ պետությունը մի կերպ կարգավորի այս ամենը, որպեսզի դպրոցներում հաստատվի առողջ ապրելակերպ։ Ծնողների համար զգայուն թեմաներից մեկը դպրոցական սնունդն է: Խնդիրներից մեկն այն է, որ ոչ բոլորն են կարողանում տնից ուտելիք վերցնել և գնում են խանութներից։ Լավ կլինի, որ յուրաքանչյուր դպրոցում բուֆետ լինի և կարգավորվի այս գործընթացը»,- ասում է Մառնեուլիից ծնող Նիլուֆեր Կուրբանլին։

Դպրոցական ճաշարանների համար պատասխանատու կարևոր գործակալություններից մեկը տեղական ռեսուրս կենտրոնն է: Ինչպես պարզաբանում են Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնից, իրենք պատասխանատվություն չեն կրում դպրոցից դուրս վաճառվող ապրանքների համար, իսկ ուսումնական հաստատությունում սննդի օբյեկտները կստուգվեն բացվելուց հետո։

«Այս փուլում բուֆետը բացելու պաշտոնական ընթացակարգեր են անցնում։ Առաջիկայում նախատեսվում է Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի կողմից բուֆետներում մոնիտորինգ իրականացնել։ Ստուգման ընթացքում ուշադրություն է դարձվում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը, պարենային ապրանքները պետք է համապատասխանեն Սննդի ազգային գործակալության առաջարկություններին, մասնավորապես՝ արգելվում է ալկոհոլը, գազավորված ըմպելիքները, սերուցքային տորթերը և փչացող այլ մթերքները»,- ասում է Ալի Գախրամանովը ՝ Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար։
2019 թվականից հետո ուսումնական հաստատությունների բուֆետներում ոչ մի ստուգում չի իրականացվել. Սննդի ազգային գործակալությունը որպես պատճառ նշում է կորոնավիրուսի ժամանակ կիրառված սահմանափակումները։ Սննդի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի բաժնի ղեկավար Միրանգուլա Լիպարթելիանիի խոսքով՝ Մառնեուլիի դպրոցի բուֆետները բացվելուց հետո կստուգվեն։

«Պարենի ազգային գործակալության համար դպրոցների բուֆետները առաջնահերթությունների թվում են, և ըստ այդմ մենք ստուգումներ ենք անցկացնում։ Այս ամենը ներառում է սննդի ընդունումից, պատրաստումից և բաշխումից սկսած ընթացակարգերի վերահսկումը բոլոր փուլերում։ Քանի որ համաճարակի ժամանակ փակվել էին դպրոցական բուֆետները, այժմ միայն մի քանի դպրոց է ապահովված սննդով, այն էլ՝ պատրաստի արտադրանքով։ Տեղում նախապատրաստություն չկա։ Մենք կապի մեջ ենք ռեսուրս կենտրոնի տնօրենների և ղեկավարների հետ, ուստի երբ այն գործարկվի, դպրոցներում բուֆետները կստուգվեն։ Մեր իրավասությունը չի ներառում անկազմակերպ արտաքին առևտրի փաստերը, համապատասխանաբար մենք չենք կարող ստուգումներ անցկացնել։ Միակ բանը, որ կարող ենք անել, բնակչությանը տեղեկացնելն է, որ մթերք չգնեն, որտեղ չեն պահպանվում դրա պահպանման և իրացման պայմանները։ Մենք դրանով կսահմանափակվենք, ցավոք սրտի»,- ասում է Միրանգուլա Լիպարտելանին։

{{AUDIO}}

Նախատեսվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներգրավմամբ մշակել Վրաստանի հանրակրթական դպրոցներում դպրոցական սննդի հայեցակարգը։ Ինչպես «Ռադիո Մառնեուլիին» հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հաղորդակցման ծրագրի ղեկավար Մայա Կուրցիկիձեն, Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համատեղ աշխատում են դպրոցներում աշակերտների համար դպրոցական սննդի ծրագրի իրականացման ուղղությամբ:

«Արտակարգ իրավիճակների միջգերատեսչական աշխատանքային խումբը կվերլուծի դպրոցական սնուցման ծրագրերի համաշխարհային պրակտիկան, կանցկացնի իրավիճակային վերլուծություն և կգնահատի ներկա իրավիճակը՝ բացահայտելու տեղական ենթակառուցվածքային և նյութատեխնիկական կարիքները: Կողմերը նաև կմշակեն դպրոցական կերակրման հնարավոր մոդելներ և որակի չափանիշներ, օրենսդրական/կարգավորող շրջանակներ և առողջ սնուցման ուսումնական ծրագրեր: Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է լայնածավալ քարոզարշավ իրականացնել դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած տեղեկատվության մեջ։


ფოტო:UNICEF Georgia

Կրթության նախարարությունից հայտնում են, որ դպրոցներում սննդով ապահովելու աշխատանքները սկսվել են, սակայն չի կարելի հստակեցնել, թե երբ կգործարկվեն դպրոցներում բուֆետները և երբ կկարողանան առողջ սնունդ առաջարկել աշակերտներին։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google